Հայաստանը Լաչինի միջանցքից բացի այլ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։

Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։

«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հատկանշական է համարում այն, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:

«Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս