ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր
Երևանում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը՝ միտված սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող հարցերին:
20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, ընդգծելով համագործակցության կարևորությունը, նշեց, որ ծրագրի առաջարկը եղել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
«Ծրագրի մեկնարկից առաջ մենք գործընկերների հետ պայմանավորվեցինք, որ պետք է համատեղ ջանքերով սոցիալական պաշտպանության ոլորտում նախանշենք բոլոր կարևոր ուղղությունները: Եվ նպատակին հետամուտ կազմակերպեցինք այս հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ներդաշնակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում հինգ տարիների ընթացքում իրականացվելիք այն աշխատանքները, որոնք կիրականացվեն Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ծրագրի շրջանակներում կյանքի կոչվող գործողություններն ուղղված կլինեն սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող բազում հարցերի, այդ թվում` տեղահանված բնակչություն, կանայք, հատուկ կարիքներ ունեցող անձինք, խաղաղության և անվտանգության ջատագովներ, ընտանեկան/գենդերային բռնության զոհեր, հասարակության այլ մարգինալացված խմբեր: Ինչպես նաև կլինի ռազմավարական ուղղությունների մշակում, քաղաքականությունների և որոշակի ոլորտային ռազմավարությունների մշակման աջակցություն, առանձին ստորաբաժանումների աշխատանքների կարողությունների և հմտությունների զարգացում և թիրախային խմբերի համար ծրագրերի իրականցում և այլն:
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն ընդգծեց, որ այս ծրագիրը ևս մեկ օրինակ է ԱՄՆ ՄԶԳ-ի որդեգրած մոտեցման` ստեղծելու բարենպաստ միջավայր տեղական գործընկերների համար` լուծելու իրենց համայնքների զարգացման մարտահրավերները:
«Այն կապահովի առավել ուժեղ սոցիալական պաշտպանություն` խթանելով «Ոչինչ մեր մասին առանց մեր մասնակցության» սկզբունքը: Մենք ուրախ ենք, որ համագործակցելու ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի բարելավվեն այն ծառայությունները, որոնք հասանելի չեն խոցելի անձանց, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Թիրախային խմբերը իրականում շատ են, բայց մենք միշտ ընտրում ենք հնարավորություններ, որպեսզի օգնենք այն մարդկանց, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը»,- ասաց Ջոն Ալլելոն:
«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Էրիկ Բյորնլունդը նշեց, որ ժողովրդավարական զարգացման գործընթացների առանցքային դերակատարների, այդ թվում՝ պետական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և որոշումներ կայացնողների, մասնավոր նախաձեռնությունների, ակադեմիական ոլորտի և լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով նպատակ ունեն ապահովելու ապացույցների վրա հիմնված մոտեցումներ՝ աջակցելու ներառման, սոցիալական պաշտպանության և հզորացման քաղաքականությանը և օրենսդրական բարեփոխումներին Հայաստանում:
Ծրագիրը կհամագործակցի Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և այլոց հետ՝ բարելավելու խոցելի և մարգինալացված բնակչության կյանքը: