Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավորն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

Այս մասին Իվ Կրուխտենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Այս սարսափելի իրավիճակը չափազանց երկար է տևում։ Անհապաղ բացեք Լաչինի միջանցքը»,- Ադրբեջանին դիմելով՝ նշել է նա։

Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով և պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։

Տեսանյութեր

Լրահոս