Ռուսաստան-Աֆրիկա ֆորումին ընդառաջ Պուտինը հայտարարություն է արել
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը տեղի կունենա Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը։ Դրան զուգահեռ տեղի կունենան տնտեսական և հումանիտար ֆորումներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, աֆրիկյան երկրների պատվիրակություններն արդեն սկսել են ժամանել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք:
Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով Աֆրիկայի դերը՝ որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը։ Նա նշել է Աֆրիկայի երկրներում տարբեր ոլորտներում դրական փոփոխությունների մասին, ինչպես նաև անդրադարձել Աֆրիկայի հետ Ռուսաստանի համագործակցությանը։
«Կարևոր է, որ վերջին տարիներին Աֆրիկայի հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի է հասել: Մենք մտադիր ենք այն է՛լ ավելի զարգացնել՝ խթանել առևտուրը, ներդրումները, խորացնել համագործակցությունը, համատեղ աշխատել այնպիսի կենսական խնդիրների վրա, ինչպիսիք են աղքատության դեմ պայքարը, ժամանակակից կադրերի պատրաստումը, պարենային անվտանգության ապահովումը, կլիմայի փոփոխությունը», – Պուտինի խոսքերն է հրապարակել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Միջոցառումն, ինչպես և նախորդ անգամ, կանցկացվի «Հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» նշանաբանի ներքո։