«Արցախը չենք կարող զատել Հայաստանից, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ամեն ինչ ավելի վատ ընթացք կունենա». Ասլան Ասլանյան

Հուլիսի 21-ին դաշնակցական սփյուռքահայ Ասլան Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելված է։

«Մենք՝ ընտանիքիս, զավակներիս ու նրանց ընկերների հետ, որոշեցինք մեր արձակուրդն անցկացնել հայրենիքում, հատկապես որ, ուզում եմ, որպեսզի զավակներս և նրանց ընկերները միշտ կապ ունենան հայրենիքի հետ։ Հայաստան հասնելուն պես, վաղ առավոտյան անձնագրեր ստուգելու բաժանմունքում 9 ժամ սպասելուց հետո, ինձ ասացին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է»,- ասել էր նա։

168.am Ասլան Ասլանյանի հետ զրույցել է իր մուտքը հայրենիք չթույլատրելու պատճառների, հետագա քայլերի և այլ հարցերի շուրջ։

– Պարոն Ասլանյան, ինչո՞ւ է արգելվել Ձեր մուտքը Հայաստան, նման արգելքը ինչի՞ հետ եք կապում։

– Հենց այդ օրը իմ մուտքի արգելքի վերաբերյալ ինձ չկարողացան որևէ պատճառ ասել։ Փորձեցի մի քանի անձանց հետ խոսել, որպեսզի հասկանայի, թե ինչն է պատճառը, որ իմ մուտքն արգելվել է և փակ է դեպի հայրենիք, բայց որևէ պատասխան չստացա։ Սակայն ինձ մի քանի անգամ ասացին, որ քո մուտքը Հայաստան արգելված է «վերևից», թերևս, սա կապված է Նիկոլ Փաշինյանի՝ Հոլանդիա կատարած այցի հետ։ Այլ գործողություն չի եղել, որպեսզի ես կարողանամ ասել, որ հենց այդ պատճառով է իմ մուտքն արգելվել Հայաստան։

Եթե նույնիսկ ես մտնեի Հայաստան, ես ի՞նչ կարող էի անել Նիկոլ Փաշինյանին կամ իր թիմին, այն դեպքում, երբ այսօր ողջ քաղաքը պաշարված է ոստիկաններով։

– Միայն Ձեր մո՞ւտքն է Հայաստան արգելված, թե՞ նաև կնոջ ու երեխաների։

– Միայն իմ մուտքն են արգելել, կինս, տղաս և աղջիկս այս պահին գտնվում են Հայաստանում։

– Ձեր տեսաուղերձում ասել էիք, որ Դուք և Ձեր ընկերները Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեք տալու, ի՞նչ եք պատրաստվում անել, այս ամենը վիճարկելո՞ւ եք դատական կարգով։

– Իհարկե, անպայման, արդեն գործընթաց է սկսվել հայաստանյան իմ ընկերների հետ։ Ես կապ եմ հաստատել արդեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ հասկանալու համար, թե այս ամենն ինչպես են մեկնաբանելու, անձնագրիս պատճենն ուղարկել եմ, ինձ հարց ու փորձ արեցին, արգելքի վերաբերյալ իրենք էլ որևէ պատճառ չկարողացան ասել։

ՄԻՊ գրասենյակից ինձ ասացին՝ կարող ես վերադառնալ քո քաղաք, այնտեղից մենք կապի մեջ կլինենք։ Իհարկե, իմ սկսած գործընթացը ես պետք է շարունակեմ, այս ամենը, ինչ տեղի է ունենում, հայ ազգի պատմության մեջ սև էջ է, որովհետև հային զրկել Հայաստան մտնել, իսկ թուրքին թույլ տալ, արդեն պատմության սև էջ է։

– Հայաստանում կարծիքներ կան, որ ակտիվ սփյուռքահայերի մուտքն արգելում են, որպեսզի նրանք Հայաստան չգան և իրականում չտեսնեն՝ ի՞նչ է կատարվում, արդյո՞ք մանրամասնությամբ տեղյակ եք, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում ու Արցախում։

– Իհարկե, մշտապես հետևում ենք հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, նաև ակտիվ կապի մեջ ենք հայաստանյան մեր ընկերների հետ։ Մանրամասն տեղյակ ենք, որ օրեցօր մեր երկրի վիճակը բարդանում է։ Դժբախտաբար, չեմ կարողացել երկար տարիներ գալ Հայաստան՝ տաբեր պատճառներով, վերջին անգամ հայրենիք եմ եկել 2014 թվականին։ Շատ ուրախ ու հանգիստ եկա այդ ժամանակ և վերադարձա, երեխաներս բավականին փոքր էին, շատ չէին հիշում Հայաստանը, ուստի որոշել էինք գալ ու մեր արձակուրդն այդտեղ անցկացնել, սակայն արգելեցին։ 26 ժամ եմ անցկացրել օդանավակայանում, ծախսել եմ բավականին մեծ գումար,այդ բարձր գներից ուղղակի ապշած եմ։

– Գրեթե 8 ամիս է՝ արցախահայությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանը կազմում։ Այս համատեքստում ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին, որից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը։

– Արցախը կորցնելը ցավալի կլինի մեզ համար, այս դժվարին իրավիճակում արցախահայությանը միայնակ թողնելը՝ անընդունելի է։ Անձամբ ինձ համար մեծ ցավ է, մեր պայքարը մշտապես եղել է հանուն Արցախի ու մեր հայրենիքի։ Դժվար ժամանակներ են, փորձում են մեզ այնպիսի արգելքներ ներկայացնել, որ արցախցիներին չկարողանանք օգնել։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ամեն ինչ ավելի վատ ընթացք կունենա, դրական զարգացումների չպետք է սպասել։ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, այն չենք կարող զատել Հայաստանից։ Մեր ազգի գաղափարը սա պետք է լինի, որ Արցախը Հայաստանի մի մասն է։

– Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մեկնարկած գործընթացին, որը, ինչպես Թուրքիան է բաց տեքստով հայտարարում, և հայ փորձագետներն են բարձրաձայնում՝ ընթանում է Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմաններով։

– Ինչպե՞ս կարող ենք բարեկամանալ մի ազգի հետ, որի ձեռքին հայի արյուն կա, ինչպե՞ս կարող ենք լեզու գտնել թուրքի հետ և ընդունել մեր հայրենիքում։ Դժբախտաբար, օդանավակայանում չորս թուրք ընտանիք տեսա, որոնց թուլատրեցին գալ Հայաստան, իսկ իմ մուտքն արգելեցին։ Չկա այդպիսի լեզու, որով մենք խոսենք թուրքերի հետ, թող ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, հետո հարաբերություններ հաստատեն։ Դաշնակցության նպատակը հենց դա է, որպեսզի կարողանա Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում ճանաչել տա։ Թուրքի հետ հարաբերություններ ունենալ նախապայմաններով՝ մեզ համար «կարմիր գիծ» է։

Տեսանյութեր

Լրահոս