«Նիկո՛լ, լավ լսիր, ես և իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու». Ասլան Ասլանյան
Դաշնակցական Ասլան Ասլանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր մուտքը Հայաստան արգելելու ՀՀ իշխանությունների որոշմանը։ Նա մասնավորապես ասել է.
«Սիրելի հայրենակիցներ, որպես դաշնակցական, սփյուռքահայ՝ համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը յուրաքանչյուր պատեհ առիթի պետք է այցելի Հայաստան։ Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է։
Մենք՝ ընտանիքիս, զավակներիս ու նրանց ընկերների հետ, որոշեցինք մեր արձակուրդն անցկացնել հայրենիքում, հատկապես որ, ուզում եմ, որպեսզի զավակներս և նրանց ընկերները միշտ կապ ունենան հայրենիքի հետ։ Հայաստան հասնելուն պես, վաղ առավոտյան անձնագրեր ստուգելու բաժանմունքում 9 ժամ սպասելուց հետո, ինձ ասացին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է։
Այսինքն՝ ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս։ Այս 9 ժամը, երբ ես սպասում էի, տարբեր ազգեր կային, թուրք, տաջիկ, արաբ՝ գլուխները փաթաթած, դժբախտաբար, նրանք հանգիստ մտնում և դուրս են գալիս Հայաստան, բայց ես՝ ոչ։
Մեր հայրենիքի՝ Արցախի ծանր վիճակի պատճառով, ես անհարմար կզգամ խոսել հայրենիք իմ մուտքի արգելքի մասին։ Սակայն ցավն այն է, որ այսօր Արցախը շրջափակված է, և Արցախի ժողովուրդը մատնված է սովի, իսկ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլը և իր խունտան, Արցախով մտահոգվելու փոխարեն՝ մեզ արգելում են այցելել հայրենիք։
Նիկո՛լ, լավ լսիր, այս բոլորի համար դու պետք է պատասխան տաս։ Ես և իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում