2014 թվականից ի վեր ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներն անընդհատ գերազանցել են Ադրբեջանի  ցուցանիշները. ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորում հանքարդյունաբերության ոլորտը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը կարծում է, որ Ադրբեջանը թիրախավորելով ՀՀ  հանքարդյունաբերությունը՝ այդ կերպ փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը:

«Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնը նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման համատեքստում» թեմայով հրավիրված ասուլիսում Վարդան Ջհանյանը ՀՀ հանքարդյունաբերության դեմ Ադրբեջանի արշավը համարեց հիբրիդային պատերազմի մաս։

«Մենք հիբրիդային պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի հետ, և, ցավոք, բիզնեսը և ՀՀ արդյունաբերությունը ներկայացնող կազմակերպությունները դառնում են այդ պատերազմի մի մասնիկը։ Եվ առաջնագծում այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունն է, որովհետև մեր հարևան երկրի կարծիքով՝ դա ամենամեծ ներուժ ունեցող ոլորտն է, ինչն իսկապես այդպես է, և ամենախոցելին է: Վերջինի հարցում իրենք սխալվում են, և մենք կարող ենք հիմնավորել դա՝ ցույց տալով, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտների առումով Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան նույն հարևան երկրում,- ասաց նա, ապա պարզաբանեց կեղծ բնապահպանական թեզերի տակ թաքնված թշնամու իրական մոտիվացիան,- Պատճառը մենք հասկանում ենք. օրինակ, 2014 թվականից ի վեր՝ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներն անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները։ Ադրբեջանում, կապված նավթագազային ոլորտի անկման հետ, արդեն հետզհետե հետ են մնալու։ Օրինակ, անցյալ տարվա ցուցանիշով՝ ՀՀ-ն ունեցել է ՀՆԱ 12.6 տոկոս աճ, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը 4 տոկոս:

Իսկ 2023 թ., ըստ կանխատեսումների, Հայաստանը դարձյալ աննախադեպ երկնիշ տնտեսական աճ է ունենալու,  իսկ Ադրբեջանը՝ 0-ական աճ: Այսինքն՝ այն անհավասարկշռությունը, որ կար տնտեսական առումով Ադրբեջանի և Հայաստանի միջև, վերականգնվելու է:

Կարդացեք նաև

Իսկ Ադրբեջանը լավ հասկանում է, որ ՀՀ-ն եթե տնտեսապես ուժեղ լինի,  նաև ռազմական բալանսը կխախտվի, որն այս պահին, ըստ նրանց, հօգուտ Ադրբեջանի է»:

Այս համատեքստում նա ուշադրություն հրավիրեց հանքարդյունաբերության ներուժի ու հեռանկարների վրա՝ հիշեցմամբ, որ «Գեոպրոմայնինգը»՝ ի դեմս ԶՊՄԿ-ի,  նախատեսում է արտադրության ծավալների ավելացման պլաններ, «Լիդիան Արմենիա»-ն պատրաստվում է գործարկել Ամուլսարի հանքավայրը, նաև՝ կան կառավարության հետ համատեղ պղնձաձուլարան կառուցելու պլաններ:

Տեսանյութեր

Լրահոս