Այս ընտրությունները պետք է բոյկոտել՝ հակառակ դեպքում կլեգիտիմացնեն այն. Էդգար Ղազարյան
Այսօր «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներին» թեմայով ասուլիս էր հրավիրել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նա ներկայացրեց ԿԸՀ գործունեությունն այս իշխանությունների տարիներին, ապա այս իշխանությունների օրոք կազմակերպված բոլոր ընտրություններում արձանագրեց «բռնաճնշումների և իշխանազավթման» ցցուն օրինակներ:
«2018-2022 թթ. բոլոր ընտրությունները, որոնք կազմակերպել է Տիգրան Մուկուչյանի գլխավորած ԿԸՀ-ն, և 2018 թվականի իշխանափոխությունից հետո որևէ մեկը չի պահանջել նրա հրաժարականը: Տիգրան Մուկուչյանն այն անձնավորությունն է, որի անվան հետ կապվում են մինչև 2018 թ. ընտրությունները՝ վիճարկելով դրանց օրինական ընթացքը: Ընդ որում, հիմնականում թիրախավորվել է գործող իշխանությունների կողմից, և ստացվում է՝ Տիգրան Մուկուչյանն ընտրություններ էր կազմակերպում նախկինների համար, դրանք կեղծ էին, եթե այս իշխանությունների համար՝ դրանք օրինական էին»,- մանրամասնեց Էդգար Ղազարյանը:
Անդրադառնալով ԿԸՀ ներկա նախագահին՝ նա մեջբերեց նրա կենսագրության մի քանի դրվագներ՝ հիշեցմամբ, որ ԿԸՀ նախագահի աշխատանքային գործունեությունն ուղիղ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Հայկական ժամանակ»-ից՝ մինչև ԱԺ:
Հանրային ու քաղաքական գործիչը նշեց՝ Երևանում կայանալիք առաջիկա ընտրություններին չի մասնակցելու որևէ կարգավիճակով։
Ըստ նրա՝ Երևանում կօգտագործվի աննախադեպ վարչական ռեսուրս, քանի որ այս ընտրությունները կարևոր են գործող իշխանությունների համար՝ ցույց տալու, թե ունեն հանրային վստահություն, ինչն էլ կօգտագործեն «կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ» ստորագրելու համար:
«Այս ընտրությունները պետք է բոյկոտել»,- քաղաքական ուժերին հորդորեց Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ հակառակ դեպքում կլեգիտիմացնեն այդ ընտրությունները:
Անդրադառնալով ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին՝ նա արձանագրեց. «Երևանը ղեկավարում է մի մարդ, որը թեկուզ մեկ երևանցու վստահության չի արժանացել»։
Մանրամասները՝ տեսանյութում