2018թ.-ից հետո 4 պաշտպանության նախարար ենք ունեցել, 4-ն էլ տարածք են հանձնել. Արտակ Զաքարյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ. ՊՆ նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը «Շրջափակում․ օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, անտեսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, իր իսկ նախընտրական ծրագիրը, հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է:
Նա նկատեց, սակայն, որ այդ հայտարարությունը, ի տարբերություն ԵՄ-ի հետ վավերացված միջպետական պայմանագրի, բանավոր հայտարարություն էր:
«ԵՄ ղեկավարությունը` ԵԽ նախագահ Շառլ Միշելի դեմքով, ոտնահարել է 2017 թվականին ստորագրված և ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացված երկողմ միջպետական համաձայնագիրը (որը բարձր իրավական ուժ ուներ և առ այսօր գործում է), որում գրված է, որ ԵՄ-ն պետք է ջանքեր գործադրի, հանձնառություն վերցնի (իսկ սա քաղաքական պատասխանատվություն և պարտականություն է) աջակցել ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարություններին և այն գործընթացին, որտեղ երեք սկզբունքները միաժամանակ, այդ թվում՝ Ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների հավասարության սկզբունքը, պարտավոր են դրված լինել ԼՂ կարգավորման գործընթացում:
Հիմա` եթե այս մարդիկ կարգավորման գործընթացը շարունակում են՝ անունը դնելով խաղաղ կարգավորում, Հայաստան-Ադրբեջան իբրև թե խաղաղության համաձայնագրի ստորագրում, չեն կարող հեռու գնալ այս գործընթացներից և պարտավոր են հաշվի առնել:
Այսինքն՝ նույն Շառլ Միշելին պետք է ԵՄ-ում դիվանագիտական ու քաղաքական խողովակներով ասեն՝ ինչո՞ւ է խախտում միջպետական պայմանագիրը և բոլորովին այլ քաղաքականություն իրականացնում»,- մանրամասնեց նա:
Քաղաքական գործիչը նկատեց, որ նույն կերպ կառավարության անդամները կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեն, թե ինչու է նման անհարգալից վերաբերմունք դրսևորում Կառավարության ծրագրի հանդեպ:
ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը Արտակ Զաքարյանը որակեց ուղերձ՝ ուղղված հայ ժողովրդին. «Մարդիկ ուղղակի ասում են՝ այն եռակողմ համաձայնագիրը, որը դուք ստորագրել եք, որևէ կերպ չի ենթադրում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում. այսինքն՝ ձեր մեղքը՝ ձեր վիզը, ձեր վարչապետից պահանջեք մնացած ամեն ինչը և ռուսական կողմի վրա մի դրեք ձեր պահանջները»:
Բանախոսը երկու դրական միտում արձանագրեց՝ Արցախը պայքարում է, և ՀՀ-ում հանրային լայն զանգվածներ համամիտ չեն Փաշինյանի արտաքին քաղաքականության հետ, և այս համատեքստում նա կարևորեց բոլոր ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան:
«Ժողովուրդը, բոլոր քաղաքական ուժերը, հանրային միավորումները պետք է մի սեղանի շուրջ տեսնի, և ոչ թե պետք է տեսնի քննարկելուց՝ ով էր ճիշտ, ով էր սխալ: Դա ազնիվ չէ, այսօրվա իրավիճակին համահունչ չէ:
Ես դեմ եմ նույնիսկ այն քննարկումներին, թե՝ նախ եկեք հասկանանք՝ այս 30 տարիներին ինչ սխալներ ենք արել: Սխալներ արվել են, բայց արդյո՞ք այդ սխալներն արվել էին նրա համար, որ մեկը գա, որ ամբողջը հանձնի, պատերազմ հայտարարի և հետո այդ պատերազմում պլանավորված պարտվի. 4 պաշտպանության նախարար ունեինք՝ չորսն էլ տարածք են հանձնել,- նշեց Արտակ Զաքարյանը՝ հիշեցնելով, որ աշխարհում գոյություն ունի կանոն,- Յուրաքանչյուր իշխանություն պատասխանատու է իր կառավարման տարիներին տեղի ունեցած գործողությունների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում