Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում. Մարուքյանը՝ Ալիևի օգնականի մասին

Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանն առ այն, թե իբր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բաց է, իսկ այնտեղ ապօրինաբար տեղադրված անցակետը կապ չունի օրեր առաջ Արցախում երկու երեխայի մահվան հետ։

«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ և փորձելով կոծկել իր պետության և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ադրբեջանը պատանդ է պահում 120.000 էթնիկ հայի, այդ թվում՝ 30.000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։ Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարությամբ։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ Լեո 3 տարեկան և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է», – գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Հաջիևն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառմանը նրա վերաբերյալ, որ Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը Արցախի շրջափակման հետևանք է:

«Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», – գրել էր Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Աղաբեկալանջ գյուղում բնակվող 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Արթնանալուն պես երեխաները սկսել են փնտրել մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք ի վերջո քնել են։ Երեխաները մահացել էին փակ մեքենայում ջերմային հյուծումից։

Տեսանյութեր

Լրահոս