Ոչ ոք չի կարող աղոթել սովորեցնել
Աղոթեք Աստծուն վեր կարկառած ձեռքերով։ Դա սրբերի գաղտնիքն է։ Աստվածային շնորհն այցելում էր նրանց, հենց որ վեր էին տարածում իրենց ձեռքերը։ Եկեղեցու հայրերն ամենագործուն աղոթքը համարում էին Հիսուսի աղոթքը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։
Հոգևոր կյանքի բանալին աղոթքն է։ Ոչ ոք չի կարող աղոթել սովորեցնել՝ ո՛չ գրքերը, ո՛չ ծերը, ոչ ոք։ Միակ դաստիարակն աստվածային շնորհն է։ Եթե ես ձեզ պատմեմ, որ մեղրը քաղցր է, ծորուն, այսպիսիսն, այնպիսին, չեք հասկանա, մինչև որ չհամտեսեք։ Նույնն էլ աղոթքի պարագայում է․ եթե ասեմ ձեզ, որ սա այսպես է, այսպես ու այնպես ես զգում և այլն, դուք ոչինչ չեք հասկանա և չեք սովորի աղոթել ինչպես հարկն է՝ «եթե միայն Սուրբ Հոգով» (Ա Կորնթ․ 12։3)։
Միայն Սուրբ Հոգին, միայն Աստծու շնորհը կարող է ոգեշնչել աղոթքի համար։ Աղոթելը դժվար չէ ։ Բայց ճիշտ աղոթել չեք կարող, որովհետև ձեր հին մարդն է խոչընդոտում։
Մասնավորապես, եթե շնորհի մթնոլորտում չեք հայտնվում, չեք կարող աղոթել։ Ախր հենց մի վիրավորական բառ եք լսում, վշտանում եք, իսկ հենց մի բարի բան են ասում՝ ուրախանում եք ու շողում։ Այդպես չէ՞։ Դրանով իսկ ցույց եք տալիս, որ պատրաստ չեք, որ չունեք անհրաժեշտ պայմանները․․․
Աստվածային շնորհի այցելության համար անհրաժեշտ են նախադրյալներ՝ սեր ու խոնարհություն, այլապես խոչընդոտ է ստեղծվում է, հակառակ գործողություն է առաջ գալիս։ Հոգեկան նման տրամադրվածության մեջ հայտնվելու համար, հարկավոր է սկսել հնազանդություն կատարելուց։ Նախ պետք է տրվես հնազանդությանը, որպեսզի խոնարհությունը գա։ Խոնարհությունը տեսնելով՝ Աստված ուղարկում է շնորհը, իսկ հետո աղոթքն ինքն է գալիս, առանց ճիգերի։
Եթե հնազանդություն չեք կատարում և խոնարհություն չունեք, աղոթքը չի գալիս, դեռ մի բան էլ պատրանքի մեջ ընկնելու վտանգ է ստեղծվում։ Պատրաստվեք կամաց-կամաց, հանգիստ, մեղմորեն, առանց շտապելու աղոթեք մտքում։ Իսկ այն, ինչ մտքում է, շուտով սրտում էլ կլինի։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը