«Մեկ է՝ վերջում այդպես ենք անելու, ժամանակ չպետք է կորցնենք». Դավիթ Բաբայան
Հունիսի 15-ից Ադրբեջանը թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռի մուտք Արցախի Հանրապետություն, իսկ երեկվանից՝ հունիսի 11-ից, արգելել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաներին մուտք գործել Արցախ և Հայաստան տեղափոխել Արցախի տարբեր հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվող բուժառուներին։ Ադրբեջանական կողմն իր այս քայլը բացատրել է նրանով, որ իբև Կարմիր խաչի մեքենաներով Արցախ անթույլատրելի ապրանք են տեղափոխել, ինչի վերաբերյալ Կարմիր խաչը պաշտոնապես հայտարարություն տարածեց։
«ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից»։
Ցավում ենք, որ առանց մեր իմացության՝ վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»,- նշված էր հայտարարության մեջ։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի գործողություններում զարմանալի որևէ բան չկա։
«Մենք նման բաներից չպետք է զարմանանք։ Ադրբեջանն իր առջև դրել է մեկ նպատակ՝ խեղդամահ անել Արցախը, և գնում է այդ քայլին։ Տեսնում է անպատժելիությունն առաջին հերթին միջազգային հանրության կողմից և շարունակում է իր քաղաքականությունը, սա է խնդիրը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ ինքը տեղյակ չէ, որ որևէ միջազգային մարդասիրական կառույց Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ արձագանքել է։ Արձագանքներ եղել են անհատների, տարբեր հասարակական, քաղաքական գործիչների կողմից։
«Առավել ևս, երբ կա Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, միևնույն է՝ այդ ամենի ներքո Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները, որին գոտեպնդում է Թուրքիան, իսկ մենք գիտենք, թե ովքեր են կանգնած Թուրքիայի հետևում, այսինքն՝ ստեղծվում է խայտառակ վիճակ։
Այս ամենը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Նման բան արել են միայն, եթե չեմ սխալվում՝ պատերազմի ժամանակ Գերմանիայում և Կամբոջայում՝ ընդդիմանում, արգելափակում էին Կարմիր խաչին։ Նույնը մենք հիմա տեսնում ենք այստեղ»,- հավելեց Դավթի Բաբայանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանին առիթ էր պետք, որպեսզի իրենց նպատակն իրականացնեին, իսկ նրանց նպատակն այն է, որ Արցախը պաշարեն ու խեղդամահ անեն։
«Նման իրավիճակում պետք է ազգովի որոշում կայացնենք, մնացած ամեն ինչն իմիտացիա, աննպատակ քայլեր են լինելու, պետք է հասկանանք, որ իրավիճակն իսկապես այդպես է։ Դիմել տարբեր երկրների, խնդրել ճանաչել և այլն, կարծում եմ՝ դրա ժամանակը չէ, ազգովի պետք է պատմական որոշումներ կայացնենք, այլ տարբերակ չունենք։ Մեկ է՝ վերջում այդպես ենք անելու, ժամանակ չպետք է կորցնենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։