Ընդդիմադիր դաշտում չկա որևէ լիդեր, որի հանդեպ չլինի հարուցված քրեական գործ. Արմեն Մանվելյան

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը հնարավոր է համարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցային գործընթացում իրավիճակը կտրուկ փոխելու առաջարկը, սակայն կարծում է՝ իշխող քաղաքական ռեժիմին ձեռնտու չէ այն:

«Նրանց պետք է, որ առկա իրավիճակը հնարավորինս երկարաձգվի, որովհետև լարվածության պահպանումը ներսում ու սահմաններին, պատերազմի սպառնալիքը, գործող քաղաքական ռեժիմին իշխանությանը մնալու ռեսուրս է տալիս»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց Արմեն Մանվելյանը: 

Հիշեցնենք՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն օրերս նշել էր. «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ՝ շատ կարճ ժամանակում՝ երկու-երեք ամսվա ընթացքում, կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա՝ այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի: Այնքան վնաս, ինչքան հայ ժողովրդին և Հայաստանին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, ուրիշ այդպիսի բան չկա»:

Ի դեպ, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «տրամաբանական» էր համարել Վարդան Օսկանյանի առաջարկը, ինչին հապճեպորեն անդրադարձել էր նաև Փաշինյանների ընտանեկան թերթը՝ նախագահի ու նախարարի հայտարարություններն ընդունելով անձնական վիրավորանք:

Կարդացեք նաև

Բանակցային գործընթացում Արևմուտքի շտապողականությանը, այդ համատեքստում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին անդրադառնալով՝ Արմեն Մանվելյանը հիշեցրեց, որ Արևմուտքը Հարավային Կովկասում իրավիճակը դիտարկում է ՌԴ-ի հետ իրենց  պատերազմի տրամաբանության մեջ:

«Քանի որ Ուկրաինայի տարածքում Արևմուտքն ուղղակիորեն պատերազմի մեջ է ՌԴ-ի հետ, հետևաբար՝ փորձում են բոլոր տեղերից դուրս մղել ռուսական զորքերը:  Իրենց համար կարևոր է, որ Արցախից ևս դուրս գան խաղաղապահները, իսկ թե հետագայում ինչ կլինի այնտեղ ապրող բնակչության հետ՝ իրենք մաքսիմում կարող են հույս հայտնել, որ լավ կլինի՝ չնայած բոլորս էլ հասկանում ենք, որ դրանից հետո ոչ մի լավ բան չի լինի»,- հավելեց նա:

Հայաստանի ու Արցախի շուրջ այս սրընթաց գործընթացները կասեցնելու հայաստանյան ընդդիմության կոնսոլիդացիայի տարբեր փորձերը, նախաձեռնությունները մեր զրուցակիցը համարեց կարևոր, սակայն՝ ոչ բավարար:

Ըստ նրա՝ առանց համընդհանուր կոնսոլիդացիայի՝ հնարավոր չէ գործող քաղաքական ռեժիմի համար բարիերներ ստեղծել:

«Զուգահեռ պետք է գտնել այլ գործիքակազմ, որպեսզի մի քանի ուղղություններով, միասնաբար աշխատեն: Այս առումով ընդդիմությունն անելիք շատ ունի և հատկապես միասնաբար անելու գործերի կարիք,- շեշտեց միջազգայնագետը՝ նկատելով, որ ընդդիմադիր տարբեր գործիչների հանդեպ քաղաքական հետապնդումները նույնիսկ կնպաստեն այդ կոնսոլիդացիային,- Այսօր ընդդիմադիր դաշտում չկա որևէ լիդեր, որի հանդեպ չլինի հարուցված քրեական գործ։ Այսինքն՝ սա քաղաքական ճնշումների մեթոդաբանություն է, որը կիրառում է այսօրվա քաղաքական ռեժիմը, իսկ Արևմուտքը, որը սրանց հովանավորն է և իբրև թե քարոզում է ժողովրդավարություն, աչք է փակում սրա վրա՝ փորձելով դուր գալ գործող քաղաքական ռեժիմին և դրա միջոցով իրենց քաղաքական կուրսն առաջ տանել»:

Տեսանյութեր

Լրահոս