Բռնցքամարտի գեղեցկությունը չստացած հարվածների մեջ է. Ռաֆայել Հովհաննիսյան
Հայկական բռնցքամարտի դպրոցն ամեն սերնդի հետ նոր անուններ է բերեմ` մի նոր հեռանկարով ու հույսերով: Նախորդ տարի Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը սպորտասերներին տվեց նոր անուն` Ռաֆայել Հովհաննիսյան: Վերջինս ամենահեռանկարային մարզիկներից է` մեծ ներուժով ու հստակ գիտակցումով, թե ինքն ինչ է ուզում սպորտից ու թե բռնցքամարտն, անվերապահ նվիրման դեպքում, ինչ կտա իրեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց իր մասին, նպատակների և, իր կարծիքով, բռնցքամարտի գեղեցկության մասին: Մեր հանդիպումը կայացավ Ռաֆայելի հարազատ վայրում` «Ռոբի» բռնցքամարտի ակումբում, որտեղ ներկա էր նաև նրա անձնական մարզիչ, Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:
– Ռաֆայել, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել բռնցքամարտով:
– Բռնցքամարտով սկսել եմ հետաքրքրվել 4-5-րդ դասարանից: Ի սկզբանե մայրս է ինձ տարել մարզումների: Սակայն 3-4 տարի մարզվելուց հետո թողեցի այս սպորտաձևը, շարունակելու ցանկություն չունեի: Բայց այն ժամանակվա մարզիչս` Վարդան Ներսիսյանը, նորից վերադարձրեց ինձ բռնցքամարտ, ու 2014 թվականից կրկին սկսեցի մարզվել:
– Առաջին անգամն եմ լսում, որ մայրը սեփական ցանկությամբ տղային տանի բռնցքամարտի: Այդ ինչպե՞ս:
– Շատ կռվարար էի (ծիծաղում է-հեղ.): Դպրոցում շատ էի կռիվներ անում, մայրս էլ ուսուցչուհի էր: Բայց հիմա անընդհատ ասում է. «վայ այն օրը, որ քեզ տարա բռնցքամարտի»:
– Ինչո՞ւ այն ժամանակ չցանկացաք շարունակել և ինչն է փոխվել հիմա:
-Այն ժամանակ չէի ուզում հարվածել, ծեծել չէի ուզում դիմացինիս: Հիմա էլ բան չի փոխվել, ցանկությունս դիմացինին ծեծելու մեծ չէ: Բայց սա իմ գործն է, և ես ուզում եմ այն լավ անել:
– Ընտանիքում կա՞ն սպորտի հետ առնչություն ունեցող մարդիկ:
– Թե մայրս, թե հայրս սուսերամարտի ԽՍՀՄ չեմպիոններ են: Երկար տարիներ եղել են այդ մարզաձևում:
– Ռաֆայել, ո՞րն է ձեր «հաղթաթուղթը» ռինգում:
– Եթե անկեղծ, իմ ոճը տեխնիկապես առանձնահատկություններ չունի: Պարզապես ես վստահ եմ իմ ուժերին: Ընդամենն այդքանը: Ռինգ եմ մտնում այն մտքով, որ անելու եմ այն, ինչին տիրապետում եմ լավ:
– Բայց ռինգում, առհասարակ՝ սպորտում, մեծ տեղ ու դեր ունի հոգեբանությունը: Այդ առումով՝ որքանո՞վ եք դուք Ձեզ պատրաստ համարում:
– Բուն բռնցքամարտում հոգեբանության դերը շատ մեծ է: Եթե քո նյարդերը տեղի տվեցին, քեզ կոչնչացնեն: Ես ձգտում եմ միտքս սթափ պահել, կենտրոնացած: Մտածում եմ հաղթանակի մասին, ոչ թե ուրիշ բաների: Օրինակ` հարված ստանալու կամ բաց թողնելու: Լարվածությունը չի խանգարում այն ժամանակ, երբ հստակ գիտես` ինչի հետևից ես գնում: Մարդիկ ենք և զգացմունքներ ունենալը նորմալ է. պարզապես ռինգում դրանք պետք է նվազագույնի հասցվեն: Փորձն է, որ այս մարզաձևում կարևոր է:
– Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:
– Հարված չստանալը: Այն պահերը, երբ դու խուսափում ես դեպի քեզ եկող բռունցքներից: Երբ դու կարողանում ես միլիմետրի հեռավորությամբ խուսափես հարվածից:
– Բոլորս մեր կյանքում ունենք մեկին, ով օրինակ է մեզ համար՝ լինի սպորտում, լինի կյանքում, կամ՝ առհասարակ: Դուք ունե՞ք այդ մեկին:
– Չեմ հիշի, թե փոքր տարիքում ով էր այդ կերպարը: Բայց հիմա, ուզում եմ, որ ինքս լինեմ այդ մարդը: Ես ամեն օր ձգտում եմ լինել առավել լավը, քան նախորդ օրն էի:
– Ռաֆայել, Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ: Արդյոք մտածում եք քաշային կարգի փոփոխության մասին:
– Հիմա դեռևս վերջնական հստակություն չկա: Բայց հաջորդ տարի կայանալիք Հայաստանի առաջնությանը կմասնակցեմ 80 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնությունից հետո էլ կհասկանանք՝ ինչպես վարվել` կգնա՞մ վարկանիշային մրցաշարերի, թե` ոչ:
– «Վաղվա» ո՞ր նպատակի համար եք մարզվում այսօր:
– Կուզեք անկեղծ ասեմ. ուզում եմ մասնակցել նոյեմբերին Բաքվում կայանալիք Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Եթե մասնակցեմ, ապա միայն ոսկու հետևից կգնամ: Ասեմ նաև ինչու. մի քանի շաբաթ առաջ աշխարհի առաջնության ժամանակ մրցեցի նախորդ տարվա Մ22 չեմպիոնի հետ և հաղթեցի նրան:
– Ի դեպ, մենամարտերը հաղթելուց հետո դուք զինվորական պատիվ եք տալիս: Ինչպե՞ս է առաջացել ողջույնի այդ ձևը:
– Այդ ժեստն առաջին անգամ արել եմ 2018 թվականին: Այդ տարի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունն այնպես եղավ, որ հաջորդաբար պիտի մենամարտեի թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ: Երկուսին հերթով հաղթելուց հետո առաջին անգամ այդ ժեստն արեցի: Այդ կերպ ուզում եմ ասել, որ ամեն հաղթանակս նվեր է հայկական բանակին:
– Սպորտում հաջողության հասնելու տարբերակները երկուսն են` կամ դու տաղանդավոր ես, կամ դու աշխատասեր ես: Ըստ Ձեզ, ո՞րն է մարզիկների հաջողության գաղտնիքը, ո՞րն է «ոսկե միջինը»:
– Չկա «ոսկե միջին», կա մեկ տարբերակ` աշխատասիրություն: Ես և Դուք կարող ենք տաղանդավոր լինել, բայց աշխատասիրությունն է, որ մեզանից մեկին բարձունքի կհասցնի:
– Ռաֆայել, եթե բացառիկ հնարավորություն ունենայիք մենամարտելու պատմության մեջ գոյություն ունեցող մեկ բռնցքամարտիկի հետ, ո՞ւմ կընտրեիք:
– Էնթոնի Ջոշուա:
– Թեև Ձեր դեպքում ամեն ինչ առջևում է, բայց գալու է մի օր, որ թողնեք մեծ սպորտը: Կցանկանաք, որ Ձեզ ինչպե՞ս հիշեն:
– Որպես պատիվ տվող երիտասարդ: Այն մեկն, ով ռինգում զինվորական պատիվ էր տալիս:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի