Բանակցողի անձով պայմանավորված՝ 2016թ. Ադրբեջանը զրկված է եղել հայկական կողմի պահանջները չկատարելու հնարավորությունից. Սիրանուշ Սահակյան
Երեկ Սումգայիթի դատարանում արագացված կարգով վճիռ կայացվեց այս տարվա մայիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Շիկահողի տարածքից ադրբեջանցիների կողմից առևանգված երկու զինծառայողների՝ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ: Մեր զինծառայողները դատապարտվեցին 11.5 տարվա ազատազրկման՝ շինծու, հորինված մեղադրանքների արդյունքում:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այն մասին՝ ի՞նչ պետք է անի պետությունը ռազմագերիներին վերադարձնելու համար, և ի՞նչ էր անում, օրինակ, Սերժ Սարգսյանի իշխանությունն Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, երբ մենք թշնամու տարածքում չունեցանք և ոչ մի մարմին կամ անհետ կորած զինծառայող, իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց՝ շատ կարևոր է բանակցողի անձը:
«Նման հարցերը հակամարտությունից կամ ակտիվ ռազմական գործողություններից հետո լուծում են ստանում քաղաքական ճանապարհով, որտեղ ներգրավված են լինում մանդատ ունեցող կառույցներ, օրինակ, Կարմիր խաչը: 2016թ., կարծում եմ, այդ բանակցությունները շատ ավելի պատշաճ են ընթացել, և հայկական կողմը, ունենալով նաև ուժեղ բանակցային դիրք, կարողացել է Ադրբեջանին պարտադրել, որպեսզի մարդասիրական խնդիրները ժամանակին իրենց լուծումը ստանան»,- ասաց իրավապաշտպանը:
Վերջինս նշեց՝ այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմը նույնն է եղել, նույն հոգեբանությամբ, նույն վարքով:
«Ավելին, նույն իշխանությունների ներքո է գործել Ադրբեջանը: Հասկանալի է, որ անբարեխիղճ և վայրի գործելակերպի դրսևորումներ հատուկ են եղել նաև 2016 թվականին: Կարող եմ ասել, որ բազմաթիվ դիեր մնացել էին չեզոք գոտում, որոնց մոտենալը ևս կապված էր Ադրբեջանի գործելակերպի հետ: Հակառակ պարագայում այստեղ ևս մարդկային կորուստներ կարող էին լինել:
Այս խնդիրներով հանդերձ՝ բանակցություններն ընթացել են այն ճանապարհով, որ դիերը վերադարձվել են, գերիների խնդիր առհասարակ չի եղել, անհետ կորածների հարցեր՝ նույնպես: Բանակցողի անձով, ինչպես նաև մարտական գործողությունների ելքով պայմանավորված՝ Ադրբեջանը զրկված է եղել այն հնարավորությունից, որ չհամագործակցի հայկական կողմի հետ և չկատարի հայկական կողմի՝ առնվազն մարդասիրական պահանջները: Եվ այս բոլոր գործընթացներն իրականացվել են Կարմիր խաչի ներգրավմամբ: Նաև այս կառույցի գործունեության համար են այն ժամանակ առավել բավարար նախադրյալներ եղել: Ես կարծում եմ՝ մարդասիրական խնդիրները ներկայումս մնում են առկախված: Դա ձախողված բանակցողի ցայտուն դրսևորում է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: