Դևն առանց պոզի, պոչի՝ ավելի վտանգավոր է. պետությունը շենքն է, Եկեղեցին՝ հիմքը, դրա համար ուզում են մեր հիմքը քանդել. Յունոնա Հակոբջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանն է:

Վերջերս՝ հունիսին, Գլենդելում, միացյալ կրթական շրջանի հերթական նիստում նախատեսվում էր քվեարկության դնել հունիսը «հպարտության ամիս» ճանաչելու հարցը։ Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ԱՄՆ-ում Սթոունուոլի հուզումներից հետո՝ 1970-ականներից ի վեր, հունիս ամիսը համարվում է ԼԳԲՏՔ համայնքի հպարտության ամիսը, որի ժամանակ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ նշելու իրավունքների համար նրանց պայքարի ուղին։ Երկրի որոշ դպրոցներում այս թեմայով կրթական ծրագրեր էին իրականացվում։  Գլենդելի միացյալ կրթական շրջանի աշակերտներին ներկայացնող ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել. նրանք բողոքում էին կրթական շրջանում այս թեմայի դասավանդման, պրոպագանդայի դեմ։

«Մենք ցույց չենք անում ԼԳԲՏՔ համայնքի դեմ։ Տարիներ շարունակ ապրել ենք համայնքի կողքին։ Մեր շուրջը որոշ մարդիկ, մեր ընկերները, ընտանիքի անդամներ ԼԳԲՏՔ համայնքից են։ Մեր խնդիրը՝ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանի ու ցանկացած մեկի հետ է, ով այս թեմայով քարոզ է իրականացնում երեխաների շրջանում, որոնք դեռ պատրաստ չեն [ընկալել այն]»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել  է բողոքի ակցիային մասնակցող՝ Լոս Անջելեսում բնակվող Քրիստին։

«Այստեղ ենք, քանի որ սա մեր երեխաներին է վերաբերում։ Իմ երեխաները 4 և 8 տարեկան են և չեն հասկանում՝ ինչ է ԼԳԲՏՔ համայնքը։ Նրանց չի հետաքրքրում, թե դուք ԼԳԲՏՔ համայնքից եք, սևամորթ եք, ասիացի եք, մեքսիկացի եք կամ թե երկու մայրիկ կամ երկու հայրիկ ունեք։ Այն, որ նրանք այդ մասին ուսուցանում են, նշանակում է, որ մեր երեխաներին նախապատրաստում են սատարելու իրենց ծրագրերը։ Ես էլ ասում եմ՝ թույլ տվեք ես իմ երեխային ասեմ, թե նա ինչ պետք է սովորի, ինչ՝ ոչ»,- նշել էր ծնողներից մեկը։

Կարդացեք նաև

Բողոքի ակցիաների ընթացքում լուրջ բախումներ էին տեղի ունեցել ծնողների, սեռական այլ կողմնորոշումներ ունեցող ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների, ոստիկանների, ինչպես նաև ակցիաներին մասնակցող «Անտիֆա» ձախ-ծայրահեղական կազմակերպության անդամների միջև: Տեղի ունեցած սուր բախումներին անդրադարձել էր ամերիկյան ողջ մամուլը:

Ի դեպ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ. առաջարկել էր ձախ ռադիկալ «Անտիֆա» կազմակերպությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին նա գրառում էր կատարել իր թվիթերյան էջում։ Ըստ որոշ տեսակետների, այս կազմակերպությունը ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների կողմից:

Նշենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում պետությունը ցանկանում է ներդնել անչափահաս երեխաների սեռափոխության մասին օրենք. Լոսանջելեսահայերի բողոքի ակցիաներն ուղղված էին նաև  այդ օրենքի դեմ: Ըստ Յունոնա Հակոբջանյանի, որը մասնակցել է բողոքի այդ ակցիաներին, նշյալ օրենքը սպառնալիք է ոչ միայն նրանց համար, ովքեր երեխաներ ունեն:

Յունոնա Հակոբջանյանի հետ առցանց զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Լոս Անջելեսի 88 քաղաքների մեծ մասում, արդեն 1.5 տարի է՝ օրենք է գործում, որ անգամ առանց ծնողին տեղեկացնելու՝ կարող են երեխայի սեռը փոխել՝ հորմոններ ներարկելով: 12 տարեկանից բարձր երեխաների դեպքում ծնողի թույլտվությունը պետք չէ։ Իմ ծանոթներից մեկի աղջիկը մի քանի ամիս հորմոններ է ընդունել սեռը փոխելու համար, և ծնողը տեղյակ էլ չի եղել: Աղջիկը եկել է տուն և ասել, որ՝ ես իմ կրծքերը ատում եմ: Ծնողը պարզել է, որ երեխային դպրոցում հորմոններ են տալիս, որը նա ընդունում է:
  • Դպրոցներում սեռական կրթության դասընթաց կա, հոգեբան է աշխատում, և նա ոչ թե հորդորում է երեխային ծնողից գաղտնի պահել սեռը փոխելու մասին իր մտադրությունը, այլ հենց դասի ընթացքում անուղղակիորեն երեխային բացատրում է, որ քանի որ ծնողներն այդ հարցերում գրագետ չեն, ավելի լավ է  դիմեն ուսուցչին: Իսկ երբ ծնողը և ուսուցիչը սեռի փոփոխության մասին հակասական մտքեր են արտահայտում, երեխան ընկնում է ծանր հոգեբանական վիճակի մեջ, և նրա ուղեղում կոնֆլիկտ է առաջանում, և երեխան երբ չի կարողանում այդ վիճակից դուրս գալու ելքեր գտնել՝ արդեն մտածում է ինքնասպանություն գործելու մասին:  Վերջին տվյալներով՝ մոտ 7.7 անգամ ավելացել է անչափահաս երեխաների մոտ  ինքնասպանություն գործելու ցանկությունը և մինչև սեռափոխություն կատարելը, և դրանից հետո: Ուսումնասիրությունները վկայում են, որ սեռափոխվելուց հետո, երբ հասնում են «նպատակին», այդ երեխաները չգիտեն, թե դրանից հետո ինչ պետք է անեն, ինչպես ապրեն, որովհետև արտաքին փոփոխությունը խնդիրը չի լուծում՝ տղան աղջիկ չի դառնում, և՝ հակառակը, ինչի հետևանքով հոգեբանական լրջագույն խնդիրներ են առաջանում, և նման վիճակում հայտնվածների մոտ 70 տոկոսն ինքնասպան լինելու ցանկություն է ունենում: Իհարկե, ոչ բոլորն են դիմում այդ քայլին:
  • Կանադայում շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որով ուզում են օրինականացնել էֆթանազիան:
  • Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ ծնողները չեն էլ հասցնում հետևել ողջ գործընթացին:
  • Խնդիրը Միացյալ Նահանգների կրթական համակարգի հետ է կապված, երեխաները ողջ ուսումնառության ընթացքում մի քանի անգամ ստիպված են լինում փոխել կրթական հաստատությունը, չեն հասցնում ընկերներ ձեռք բերել: Ծնողներն էլ միմյանց հետ կապ չեն ունենում, և նաև սրանով պայմանավորված՝ այլ խնդիրներ էլ են առաջանում, միայն սեռափոխությունը չէ, թմրամիջոցների օգտագործումն էլ է լուրջ խնդիր:
  • Կալիֆոռնիայում գործում են այդ օրենքները, իսկ դրանց ջատագովներն ու կողմնակիցները, այսպես ասած, «սորոսական» կազմակերպությունները գումար են վճարում, որպեսզի մյուս նահանգներում էլ այդ օրենքներն ընդունվեն: «Անտիֆա» կազմակերպությունն է ակտիվ մասնակից և նույնիսկ այդ երևույթի դեմ տարբեր ակցիաների ժամանակ սադրում է բախումներ, ինչպես, օրինակ, ծնողների բողոքի ակցիաների ժամանակ:
  • Նրանց թիրախում հատկապես հայ ծնողներն են, որովհետև հատկապես նրանք են մտահոգված և անհանգստացած իրենց երեխաների համար, և հենց հայերի միջոցով են բախումներ հրահրում։
  • Մենք տարիներ ի վեր պայքար ենք մղում այս չարիքի դեմ, շատ հայ ծնողներ ասում էին, որ իրենց օգտագործում են բախումներ սկսելու համար։ Տարբեր ակցիաների ժամանակ հենց «Անտիֆա» կազմակերպության  անդամներն են  մասնակցում ու միտումնավոր բախումներ սադրում՝ հայտարարելով,  թե իբր հայ աշակերտների ծնողները ռասիստական ակցիա են անցկացնում:
  • Այդ կազմակերպությունները հիմա առաջնահերթ տեղ են տալիս տրանսգենդերներին: Պատահական չէ, որ Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո տրանսգենդերին հնարավորություն տրվեց ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: 
  • Այս տարի ԱՄՆ-ում քարոզչությունն ու չարությունն ավելի արագ սկսեց տարածվել: Շատերը վախենում են օրենքներից, եթե ծնողը դեմ է երեխայի ցանկությունները կատարել՝ նրան կարող են զրկել ծնողական իրավունքից։ 
  • Օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում սեռափոխության մասին: Ինչպես Ստամբուլյան կոնվենցիայում տողերի տակ կան վտանգավոր ձևակերպումներ, այդ օրենսդրական նախագծերում ևս լուրջ վտանգներ կան, որոնց միջոցով կարող են ծնողին զրկել իրավունքից, եթե դեմ է, ասենք, երեխայի սեռափոխությանը: Օրենքի այդ նախագծերի տողատակերում է թաքնված, այսպես ասած, շան գլուխը, որը շրջանառության մեջ է դրվել նաև ԱՄՆ-ում:
  • «Պաշտպանվում են» իբրև թե երեխայի իրավունքները, իսկ ծնողին անգամ կարող են ձերբակալել։
  • Մարդկանց ուղեղները տարիներով միայն մեկ ուղղությամբ են լվանում, և նրանք դառնում են ագրեսիվ, նրանք այլ գործ անելու պիտանի չեն լինում, բացի  սեռափոխությունը քարոզելուց։ 
  • Նահանգներից մեկում գիտական ֆորումի փոխարեն՝ «Հպարտության օր» են անցկացրել, որի ժամանակ տղաները պետք է աղջկա հագուստ կրեին, և՝ հակառակը։
  • Սա ամբողջ Ամերիկայում է և վաղուցվանից է, այս ամենի հիմքը նաև աղանդներն են, ի վերջո, այս երկիրը հատկապես Եվրոպայից փախած աղանդավորներն են ստեղծել։ Արմատական կրոնի ներկայացուցիչները հավատարիմ են իրենց սկզբունքներին, իսկ աղանդների մոտ՝ հակառակը, նրանք հանգիստ կարող են փոխել այն, ինչին երեկ դավանում էին:  
  • Ի՞նչը պետք է հետ պահի ժողովրդին չարությունից՝ Եկեղեցին: 
  • Ամեն հնարավորություն պետք է օգտագործել կանխելու, որ Հայաստանում նույնը չլինի, պետք է Եկեղեցու, մեր ավանդական արժեքների կողքը կանգնել: 
  • Սա, իհարկե, նոր երևույթ չէ, դեռ Կալիգուլայի ժամանակ կար նման երևույթ, որը հանգեցրեց Հռոմի կործանման… այսինքն՝ այս երևույթը երկրներին տանում է դեպի փլուզում, վերացում:
  • Եկեղեցու հետ կապը կարող է զերծ պահել այդ վտանգավոր երևույթից։ Նրանց մոտ կան կարմիր գծեր։ Եթե այդ կարմիր գծերը չլինեն, նման մարդիկ կարող են անգամ երկիրը հանձնել: 
  • Եթե գիտության օրվա փոխարեն ԼԳԲՏՔ «հպարտության» օր են նշում, դա արդեն զգուշացում է, թե ուր է գնում մարդկությունը: 
  • Պատահական չէ, որ Հայաստանում Եկեղեցու դեմ հարձակումները սկսվեցին անմիջապես 2018թ. հեղափոխություն կոչված երևույթից հետո: 
  • Մենք եղել ենք այլ տիրապետությունների ներքո, մեր պետականության դերը կատարել ու պահպանել է Հայ եկեղեցին, եթե պետությունը շենքն է, ապա Եկեղեցին հիմքն է՝ ֆունդամենտը, դրա համար այդ ուժերն ուզում են մեր հիմքը քանդել:
  • Հիմա թուրքերը շատ ինտենսիվ սկսել են այդ հիմքի դեմ պայքարել: 
  • Իհարկե, հիմքը մաքրել պետք է, բայց ոչ հիմա: Հիմա պետք է մտածել՝ ի՞նչ անել, որ շենքը, հիմքը չքանդվի: 
  • Մեր պատմությունը պահպանվել է Եկեղեցու շնորհիվ: Մեր պատմությունը Հայ եկեղեցու պատմության հետ զուգահեռ է: 
  • Այսօր այն, ինչ կատարվում է Արևմուտքում, նույնը Հայաստանի այսօրվա իշխանություններն են ուզում ներդնել մեր երկրում: Մենք պետք է վերադառնանք մեր արմատներին: Եթե մարդու ոտքի տակից հիմքը դուրս է գալիս, բալանսը խախտվում է: ԱՄՆ-ում հայերը բալանսը կորցրած վիճակում են, որովհետև ճիշտ ֆունդամենտ չունեն, նրանց համոզում են, որ ԼԳԲՏՔ լինելը նորմալ է, որդ ուտելը նորմալ է… 
  • Հայաստանում, այսպես կոչված, հեղափոխության օրերին Զարեհ Սինանյանը Գլենդելում փողոցներ էր փակում: Հիմա ի՞նչ է անում: Քանդում է Սփյուռքը: 
  • Սփյուռքում շատ մարդիկ կան, որ անտարբեր չեն, մտածում են՝ ինչով օգնել Հայաստանին, պարզապես այսօր վիճակն այնպիսին է, որ չգիտեն՝ ինչ անել, ես կարծում եմ, որ աղանդների դեմ է պետք պայքարել, կանխել աղանդների տարածումը:
  • 2021 թվականին ես Հայաստանում էի և ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ շաբաթ առաջ «Կյանքի խոսք» աղանդի քարոզն եմ լսել՝ Արթուր Սիմոնյանին, նա իր հետևորդներին նրբորեն մանիպուլյացիայի էր ենթարկում։ Ասում էր՝ «մեր գործը քաղաքականությունը չէ, մեր գործը Աստծո թագավորությունն է՝ մի՛ անիծիր քո ապագան»: Իսկ այդ նույն ժամանակ  Նիկոլ Փաշինյանը քարոզում էր՝  «Ապագա կա»: Այսինքն, Արթուր Սիմոնյանի մանիպուլյացիոն քարոզով ստացվում էր, որ ով ասի՝ այս իշխանությունների հետ ապագա չկա՝ նրանք Աստծո կողմից պատժվելու են: 

«Կյանքի խոսք» և մյուս աղանդներն օգնել են Հայաստանի 2018թ. հեղափոխություն կոչվածին:

 Երբ դևն առանց պոզի և պոչի է՝ նա ավելի վտանգավոր է. իսկ ներսի դևին հայտնաբերելու համար ժամանակ է պետք: 

Տեսանյութեր

Լրահոս