«Երկրում սահմանադրական կարգը վաղուց տապալված է, մենք խնդիր ունենք վերականգնել սահմանադրական կարգը». Վարդան Պողոսյան
ՀՀ անկախ Հայաստանի Սահմանադրությունն այսօր դարձավ 28 տարեկան: 168.am-ի հետ զրույցում սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում Սահմանադրությունն այսօր բացարձակապես չի գործում, սահմանադրական կարգը երկրում վաղուց տապալված է՝ առնվազն 2020 թվականին սահմանադրությունում կատարված հակասահմանադրական փոփոխություններից հետո։
«Սահմանադրության նպատակն առաջինը՝ հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և երկրորդը՝ պետական իշխանության մարմինների սահմանափակվածությունն այդ նույն մարդու իրավունքներով Սահմանադրության մյուս դրույթներով։ Այս ամենը մեր երկրում ոտնահարվում են այնքան բացահայտ, որ այսօր խոսել Սահմանադրության օրվա, Սահմանադրության վերաբերյալ՝ որպես տոն պա,րզապես դառնում է ավելորդ ու ծիծաղելի»,- նշեց Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ սահմանադրական բոլոր դրույթները, որոնք վերաբերում են հանրային իշխանություններին, նպատակ ունեն, որպեսզի այդ իշխանությունները հետևելով ՀՀ օրենսդրությանը՝ իրականացնեն Սահմանադրությամբ սահմանված իրենց գործառույթները։
«Սակայն մեր պետական իշխանության մարմինները, առաջին հերթին՝ օրենսդիրն ու գործադիրը, վերազանցելով իրենց լիազորությունները, արհամարհելով Սահմանադրությունը, իշխանությունն իրացնում են բացարձակապես իրենց սեփական էգոիստական նպատակների համար, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի պետական ու ազգային շահերի հետ։ Դրանից բացի, հսկայական բռնաճնշումներ են իրականացնում պետական իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ՝ փորձելով դատական իշխանությունը ևս ամբողջությամբ հնազանդեցնել իրենց խմբակային շահերին։ Այնպես որ, այսօր ինձ համար Սահմանադրության տոն գոյություն չունի, մենք խնդիր ունենք վերականգնելու մեր սահմանադրական կարգը»,- հավելեց Վարդան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է օրվա իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, մեր զրուցակիցը նկատեց՝ երբ Սահմանադրությունը չի գործում և պետական իշխանության մարմինների համար Սահմանադրությունը ոչ թե սահմանափակիչ է, այլ ընդամենը գործիք, որը երբեմն-երբեմն օգտագործվում է իրենց խմբակային շահերին սպասարկելու համար, ապա նման պայմաններում խոսել Սահմանադրական բարեփոխումների մասին՝ պարզապես ծիծաղելի է։
«Իրականում սահմանադրական բարեփոխումներ կոչվածն ընդամենը մի աբստրակտ հասկացություն է, չնայած այն բանին, որ փաշինյանական իշխանությունն արդեն մի քանի փորձ կատարել է Սահմանադրությունը փոխելու համար՝ հանձնաժողով ու խորհուրդ էր ստեղծել, բայց դրանք ի վիճակի չեն եղել թեկուզ մեկ տողով, մեկ նախադասությամբ ցույց տալ, թե ինչն են ուզում բարեփոխել։ Այսինքն՝ ես չեմ կարող խոսել ինչ-որ սահմանադրական բարեփոխումների մասին, եթե չկա որևէ նախադասությամբ դրույթ, թե իրենք ինչն են ուզում բարեփոխել, որ ուղղությամբ են ուզում բարեփոխել։
Միակ փոփոխությունը, որը մինչև հիմա տեղի է ունեցել, դա 2020 թվականի սահմանադրության փոփոխությունն է, որն ամբողջությամբ իրականացվել է հակասահմանադրական եղանակով, և ըստ էության Սահմանադրական դատարանը գլխատվել է և այլևս լեգիտիմ մարմին չէ, իսկ սահմանադրական հանձնաժողովն ու խորհուրդը որևէ փաստաթուղթ չեն ծնել։ Հետևաբար՝ չեմ կարող որևէ բան մեկնաբանել այդ առումով»,- շեշտեց սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետը։
Միաժամանակ Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ Սահմանադրությունն իրականում գեղարվեստական փաստաթուղթ կամ ինչ-որ գիտական փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը ստեղծվում է նրա համար, որպեսզի կատարվի, իրագործվի։ Քանի որ այդ կատարումն ու իրագործումը չկա, դրանից էլ ուղղակիորեն հետևում է, որ անիմաստ է որևէ փոփոխության մասին մտածելը։
«Փոփոխությունների վերաբերյալ այդ ամբողջ աղմուկն ընդամենն ուշադրությունը շեղող հանգամանք է՝ սահմանադրական կարգի տապալման փաստից։ Երկրորդ՝ կարծում եմ՝ անհրաժեշտության պարագայում փաշինյանական վարչակազմը պարզապես ցանկանում է ինչ-որ իքս իրավիճակում ձեռքի տակ ունենալ ինչ-որ փաստաթուղթ, որպեսզի արագ փոխի Սահմանադրությունը։ Բայց դա իրենց չի հաջողվում, քանի որ, ինչպես ասացի՝ իրենք մինչև հիմա որևէ փաստաթուղթ չեն կարողացել լույս աշխարհ բերել»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը։