«Սահմանադրության ամենաշատ ոտնահարված դրույթը 3-րդ հոդվածն է… ազգովի շատ խնդիրներ ունենք լուծելու, որպեսզի այդ նսեմացումից դուրս գանք». Վարդան Այվազյան
Այսօր ՀՀ-ն նշում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքում ընդունվեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը և օրենքով այդ օրն ամրագրվեց՝ որպես պետական տոն։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ Վարդան Այվազյանը խոսեց, թե որքանով են մեր երկրում պահպանվում Սահմանադրության դրույթները, և տեղի ունեցող գործընթացները որքանով են իրականացվում Սահամանադրությանը համապատասխան: Իրավագետի մեկնաբանությամբ՝ գործընթացները դիտարկելիս ակնհայտորեն Սահմանադրությունից շատ շեղումներ են արձանագրվում, և ամենևին պարտադիր չէ, որ միայն երկրի Մայր օրենքում ամրագրված կոնկրետ հոդված խախտվի: Շատ ավելի կարևոր է Սահմանադրության տրամաբանությունից չշեղվելը։
«Ինձ համար Սահմանադրության ամենշատ ոտնահարված դրույթը 3-րդ հոդվածն է, որը հռչակում է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Երբ մենք տեսնում ենք արդեն փաստերով 44-օրյա պատերազմի զոհերին, խաղաղ ժամանակներում զոհված զինվորներին, զոհված զինծառայողների մարմինները պարկերում պահելը և այլն, ոչ ճիշտ վերաբերմունքի ու մոտեցման արդյունքում անմիջականորեն ոտնահարվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, այսինքն՝ մարդը չի դիտարկվում՝ որպես բարձրագույն արժեք։ Երբ վերցնում ենք մեր կյանքի պայմանները, ըստ իս՝ այսօր հայ ժողովրդի մոտ գերիշխում է համատարած նսեմացման հոգեբանություն, անկախ նրա ծագումից, սոցիալական վիճակից, նույնիսկ պետական պաշտոն զբաղեցնողները, բոլորը համատարած նսեմացման մեջ են գտնվում։ Նաև մեր սփյուռքի հայրենակիցները, և այս համատարած նսեմացման պայմաններում մարդը չի կարող իր իրավունքներին վերաբերվել կամ ինքն իրեն վերաբերվել՝ որպես բարձրագույն արժեք։ Այս առումով ոչ միայն իշխանությունները, այլև ազգովի ունենք շատ խնդիրներ լուծելու, որպեսզի այդ նսեմացումից դուրս գանք»,- նշեց Վարդան Այվազյանը։
Շարունակելով միտքը՝ նա նաև ընդգծեց, որ այսօր ՀՀ-ում մարդիկ իրենց հոգեբանորեն համարում են անպիտան, մտածում են՝ ի վիճակի չեն պաշտպանելու սեփական արժանապատվությունն ու հայրենիքի անվտանգությունը։
«Մարդկանց մոտ այս գիտակցումն են մտցրել, որ ինքը որևէ բանի պիտանի չէ, և իրենից ոչինչ կախված չէ։ Հետևաբար՝ նման պայմաններում մարդը չի կարող դիտվել որպես բարձրագույն արժեք, առաջին հերթին պետք է մարդու բարձրագույն արժեք լինելու դրույթն ապահովեն, որովհետև Սահմանադրությունը մարդու համար է գրված։
Սահմանադրությունը կոչված է ապահովելու մարդու գոյի ներդաշնակությունը, այսինքն՝ Սահմանադրությունը պետք է ամրագրի բնական օրինաչափությունները և ստիպի, որպեսզի մարդն ապրի բնական օրինաչափությունների տիրույթում և դրանց հետ ներդաշնակ, որովհետև ցանկացած բնական օրինչափությունից շեղում տանում է կործանման։ Համատարած ոտնահարվում է մարդու՝ որպես բարձրագույն արժեք լինելու իրավունքը»,- հավելեց իրավագետը։
Հարցին՝ ՀՀ օրվա իշխանությունը նախաձեռնել է Սահմանադրական փոփոխություններ, հնարավո՞ր է՝ այդ փոխություններով լուծվի վերը նշված խնդրի գոնե 50 տոկոսը, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ինչ հիշում է՝ իշխանությունը սահմանադրական փոփոխություններ է անում, բազմաթիվ անգամներ հանձնաժողովներ ձևավորեցին, ժամկետներ նշեցին, որ հանձնաժողովը պետք է ներկայացնի փոփոխությունների նախագիծ և այլն, սակայն որևէ բան չեղավ։
«Իմ մասնագիտական կարծիքը հետևյալն է՝ ոչ թե 50 տոկոսով լավանալու է, այլ պետք է խոսենք մինուս 50 տոկոսից, եթե այդքան վատանա, կարող ենք ասել, որ փորձանքից նվազագույն կորուստներով ենք փրկվել։ Ինքս չեմ տեսնում մի իրավասու գիտակ մասնագետ, որը հասկանում է Սահմանադրության, իրավունքի, պետության էությունը, որն ունակ լինի Սահմանադրությունը փոփոխել այնպես, որպեսզի իմ ասած բնական ներդաշնակության տիրույթում Սահմանադրությունը գործի։ Ոչ մի մասնագետ չկա, մեծ մասին էլ ճանաչում եմ, պատրաստ եմ նրանց հետ հրապարակային բանավիճել, բացատրել իրենց չիմացությունը, սխալները։ Այսինքն՝ որևէ դրական բան չի կարելի ակնկալել սահմանադրական փոփոխություններից, որովհետև այդ հանձնաժողովում որևէ գիտակ մարդ չկա, նկատի ունեմ ոչ թե ընդհանուր գիտելիքները, այլ կոնկրետ Սահմանադրության վերաբերյալ գիտելիքները»,- եզրափակեց Վարդան Այվազյանը։