Բաժիններ՝

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ակտիվացումը որևէ փաստարկված տրամաբանություն չունի. արաբագետը վերջին սրացումների մասին

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ակտիվացումը իր մասշտաբներով և աշխարհագրական տեղանքով որևէ փաստարկված տրամաբանություն չունի և կրում է զուտ իրավիճակային բնույթ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով Պաղեստինի ու Իսրայելի միջև առաջացած վերջին սրացմանը։

Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել պաղեստինյան Ջենին քաղաքում և այնտեղ գտնվող փախստականների ճամբարում։ Ավիահարվածներից և ցամաքային զորքերի առաջխաղացումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը գործի է դրել նաև անօդաչու թռչող սարքեր։ Իսրայելն այս գործողությունը բնութագրել է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Պաղեստինի վարչապետ Մուհամմադ Շտայեն Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես ագրեսիա, որը «տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև»։ Պաղեստինի վարչապետի խոսքով՝ Իսրայելը փորձում է ոչնչացնել Ջենինի ճամբարը։ Ըստ ՄԱԿ-ի՝ պաղեստինյան փախստականների հարցերով գործակալության՝ ճամբարում այժմ բնակվում է 14 հազար փախստական։

«Ջենին քաղաքում խնդիրներ առաջացել են դեռևս մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ ևս իսրայելական բանակը որոշել էր ռազմական գործողություն իրականացնել, բայց այժմ տեղի ունեցող իրադարձություններն ավելի լայնամասշտաբ բնույթ ունեն։ Ջենինը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին։ Նախկինում իսրայելական զինուժի գործողություններն ընդգրկում էին Գազային հատվածը, որտեղ ավելի ակտիվ էին «ՀԱՄԱՍ»,-ն ու «Իսլամական Ջիհադ»-ը, մինչդեռ վերջին գործողությունն ավելի շատ ուղղված է «ՖԱԹԽ»-ի դեմ, այսինքն՝ Մահմուդ Աբասի գլխավորած կազմակերպության դեմ, թեև «Իսլամական Ջիհադը» մասնակի ներկայություն ունի նաև Ջենինում»,-տեղեկացրեց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Իսրայելն այսօր գտնվում է բավականաչափ զգայուն ներքաղաքական շրջափուլում, որովհետև դատական բարեփոխումների ընթացքի հետ կապված՝ վերջին մի քանի ամիսներին էական խնդիրներ են առաջացել իշխանության համար, և քանի որ բարեփոխումների անցկացման գործընթացը որոշակի խնդիրներ է առաջացրել նաև իշխող կոալիցիայի ու հասարակության տարբեր շերտերում, ուստի չի բացառվում, որ Իսրայելի իշխանությունը փորձում է նման անվտանգության սպառնալիքի վերհանմամբ գործընկեր և մրցակից քաղաքական ուժերի շրջանում որոշակի համախոհություն ստեղծել։

«Վերջին ակտիվացմամբ՝ Իսրայելը կփորձի որոշ կարճաժամկետ խնդիրներ լուծել, մասնավորապես, մի քանի թիրախներ ոչնչացնել արևմտյան ափին։ Բացի դրանից, նոր քննարկումներ ու սակարկություններ կլինեն ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում։ Եգիպտոսի և Հորդանանի միջնորդությամբ կողմերը գուցե ինչ-որ փուլում կհանգեն փոխադարձ պայմանավորվածությունների, ինչպես եղել է միշտ։ Եթե նման տրամաբանությամբ մոտենանք պաղեստինա-իսրայելական հիմնախնդրին, ապա հերթական փուլը կարող է ունենալ նույն ընթացքը։ Անշուշտ, կլինեն արձագանքներ Իրանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, կառաջանա ապակայունություն, կլինեն դիվանագիտական «փոխհրաձգություններ», սակայն իրավիճակային առումով կլուծվեն մարտավարական խնդիրներ և, ինչպես նշում է իսրայելական կողմը, կոչնչացվեն ահաբեկչական բջիջներ, զուգահեռաբար կլուծվեն ներքաղաքական խնդիրներ»,- նշեց արաբագետը։

Ընդհանրապես, առաջին հայացքից ստեղծվել է բավականին հետաքրքիր իրավիճակ։ Արաբական երկրներն իրենց արյունակից Պաղեստինին ցուցաբերում են հիմնականում դիվանագիտական աջակցություն, իսկ Իրանը՝ ուժային զորակցություն, թեև շատերի կարծիքով՝ պետք է լիներ ճիշտ հակառակ պատկերը։ Այդ առթիվ Պետրոսյանն ընդգծեց, որ տվյալ երևույթն, իսկապես, արաբա-իսրայելական հակամարտության կարևոր իրողություններից է, որովհետև Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանը փաստացի դարձել է պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման առաջատար շահառուներից մեկը։

«Նշված մոտեցումը գալիս է Իրանում իշխող վարչակարգի գաղափարական դիրքերի տրամաբանությունից, և, որքան էլ տարօրինակ թվա, արաբական երկրները ժամանակ առ ժամանակ տարբեր շրջափուլերում, հատկապես ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ, նախընտրել են Իսրայելի հետ հարաբերությունները դարձնել ավելի կառավարելի՝ սահմանափակվելով միայն դիվանագիտական դաշտում Պաղեստինին ցուցաբերվող ակտիվությամբ, իսկ Իրանը, ի տարբերություն արաբական երկրների, լրջագույն կոնֆլիկտ ունի Միացյալ Նահանգների հետ, հետևաբար նախընտրել է Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդել և ինքնուրույն քաղաքականությամբ աջակցել տարածաշրջանային թիվ մեկ հակառակորդ, ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հարևան երկրներին, որոնք նույնպես թշնամաբար են տրամադրված վերջինիս նկատմամբ»,- եզրափակեց արաբագետը։

Մանվել Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս