Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին. Ալեն Սիմոնյան
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս երկու ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը: Նա երախտագիտություն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ Լեհաստանում պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության եւ վերաբերմունքի համար:
Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարեւորությունը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:
Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաեւ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում հասցեական արձագանքներ:
Լեհ գործընկերը շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ապահովում է խորհրդարանների միջեւ չընդհատվող կապը, ինչի շնորհիվ երկրների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ են ստացվում: Խոսելով ժողովրդավարական արժեքներից՝ նա կարեւորել է ժողովրդի հանդեպ հաշվետվողականությունը՝ ընդգծելով նաեւ միջազգային գործընկերներին վերաբերող դիրքորոշումները: Այս համատեքստում Լեհաստանի Սեյմի մարշալեկը կարծիք է հայտնել հետագա համագործակցության բազմոլորտ ընդլայնման վերաբերյալ: Անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին՝ Էլժբիետա Վիտեկը նշել է, որ լեհերն անկախ քաղաքական հայացքներից եւ տարաձայնություններից՝ մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի եւ հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ խաղաղության հաստատման հարցում եւս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:
Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջել են խորհրդարանի շենքում: