ԱՄՆ դեսպանի հայտարարությունը բխում է Նիկոլի դավաճանական քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով
Այսօր Հանրապետական կուսակցության երիտթևը բողոքի ակցիա էր իրականացրել Գլխավոր դատախազության շենքի առջև՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման դեմ, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։
168.am-ը բողոքի ակցիայի ավարտին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե հնարավոր է՝ արցախահայությունն անվտանգ ապրի Ադրբեջանի կազմում, որտեղի՞ց դեսպանին այդ լավատեսությունը։
Է. Շարմազանովը հարցին ի պատասխան՝ մասնավորապես ասաց.
«Դա բխում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությունից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, ԱՄՆ դեսպանը պիտի ավելի շատ հայ լինի, քան Նիկոլ Փաշինյա՞նը։ Ես չեմ արդարացնում Մինսկի խմբի համանախագահող, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրրի դեսպանի խոսքը, բայց ինչի՞ց եք զարմանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը բռնազավթած անձը, որն իբր թե ՀՀ քաղաքացիների քվեով դարձել է վարչապետ, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այն էլ ոչ մեկ անգամ. երեք անգամ՝ Երևանում, մի անգամ՝ Բրյուսելում, մի անգամ՝ Քիշնևում, մի անգամ՝ Մոսկվայում, մի անգամ էլ՝ Ռեյկյավիկում։ Ընդ որում, Երևանում տարբեր տեղերում՝ մի անգամ՝ Կառավարության նիստում, ասուլիսում, մի անգամ էլ, տեսավ՝ լավ չեն հասկանում, գնաց ԱԺ, մի երեք անգամ ասաց։ Հիմա, եթե Նիկոլն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, թող այդ քննադատողները թռնեն Նիկոլի դեմքին»։
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե ինքն ԱՄՆ դեսպանին չի պաշտպանում: Բայց Նիկոլի վարչապետության պարագայում, երբ Արցախը տվել է թուրքին, այնքան «շուխուռ» չեն անում, որքան ԱՄՆ դեսպանի՝ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցում ասված մտքի առնչությամբ: Ինչը սխալ որակեց քաղաքական գործիչը։
«ԱՄՆ դեսպանի ասած հայտարարությունն արմատապես հակասում է Միացյալ Նահանգների որդեգրած սկզբունքներին առնվազն 2008-2018 թվականների մեր կառավարման շրջանում, Սերժ Սարգսանի նախագահության շրջանում։ Եթե տիկին դեսպանը չգիտի, տեղեկացնեմ, որ 2009-2013 թվականների ընթացքում 5 անգամ Միացյալ Նահանգների նախագահները, իսկ այդ ժամանակ Օբաման էր նախագահ, նախագահ Մեդվեդևի, Պուտինի, Սարկոզիի և Օլանդի հետ համատեղ, գրավոր հայտարարություն են ընդունել, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ունի պարտադիր բնույթ։ Կինոն պրծնում է, տիկին դեսպանի երեկվա հայտարարությունը հակասում է Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշմանը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում