Արտաքին շոկերը զգացնել են տալիս. Արտահանման անգամներով աճերը դադարել են, տնտեսության խնդիրները՝ շատացել
Հայաստանի տնտեսական աճը շարունակում է բարձր լինել, բայց դրանից տնտեսության իրական հատվածի խնդիրները չեն նվազել։ Որոշ ոլորտներում գնալով զգացնել են տալիս նաև նախորդ տարվա արտաքին շոկերի ազդեցությունները։
Արտաքին առևտրի անգամներով աճը, որը հիմնված էր ներմուծում-արտահանումների հայտնի սխեմաների վրա, դադարել է։ Մայիսին արտաքին առևտրի աճը կազմել է 50 տոկոս՝ արտահանումն ավելացել է՝ 47,6, ներմուծումը՝ 52,1 տոկոսով։
Թվում է, թե պակաս բարձր աճեր չեն։ Բայց որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչպիսի փոփոխություններ են գրանցվել արտաքին առևտրի ոլորտում, պետք է մի փոքր ավելի հետ գնալ։
Մարտին արտաքին առևտուրը նախորդ տարվանից ավելի էր 2,5 անգամով։ Արտահանումը 2,7 անգամ էր գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը, ներմուծումը՝ 2,5 անգամ։
Նույնը նաև փետրվարին էր. արտահանումն աճել էր 2,2 անգամ, ներմուծումը՝ 70 տոկոսով։
Ապրիլին, այնուհետև մայիսին անգամներով աճի այս դինամիկան դադարեց։
Հիմնական պատճառն այն էր, որ սկսում է զգացնել տալ արտաքին առևտրի նախորդ տարվա բազային էֆեկտը։ Նախորդ տարվա այս շրջանում աստիճանաբար մեկնարկում էին ռուսական շուկայի վերարտահանումները։ Ու հիմա այդ շրջանի համեմատ՝ արտաքին առևտրի ցուցանիշները բավական սեղմվել են։ Գնալով ավելի կսեղմվեն, քանի որ դեռևս պիկին չեն հասել։
Այս միտումների վրա, իհարկե, ազդել են նաև այն ռիսկերը, որոնք սպառնում են պատժամիջոցների տակ դնել վերարտահանումների միջոցով՝ Ռուսաստան որոշ ապրանքների, մասնավորապես՝ էլեկտրասարքավորումների մատակարարումները։ Թե՛ ներմուծումների, և թե՛ արտահանումների մեջ մինչև վերջերս այս խմբի ապրանքների կշիռը բավական մեծ էր, ինչն էլ միջազգային գործընկերների շրջանում կասկածներ էր առաջացրել։
Հայաստանն այդպիսի ապրանքներ չի արտադրում կամ շատ քիչ է արտադրում, բայց վերջին շրջանում մեծ տեմպերով ներմուծում ու արտահանում էր Ռուսաստան։
Այդ և բազմաթիվ այլ ապրանքների վերարտահանումների արդյունքում էլ անգամներով աճում էր արտաքին առևտուրը՝ հիմնականում ռուսական շուկայի հաշվին։ Ենթադրվում է, որ առաջիկայում աստիճանաբար այստեղ ևս անգամներով աճերը կմաշվեն։
Արտաքին առևտրի ցուցանիշներում արդեն երևում են առաջին արձագանքները։ Ու եթե դրան ավելացնում ենք նաև վերջին մեկ-մեկուկես տարում արձանագրված դրամի գրեթե 25 տոկոսանոց արժևորման ազդեցությունը, ապա կտեսնենք, որ արտահանման ու ներմուծումների նախկին աշխարհացունց աճերն այլևս չկան։
Այնուհանդերձ, տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը Հայաստանում դեռևս շարունակում է բարձր լինել։ Բայց այն խիստ բևեռացված է, հիմնված հայտնի գործոնների վրա։
Հինգ ամիսների արդյունքներով՝ տնտեսական ակտիվությունը կազմել է 12,5 տոկոս։
Չորս ամիսների ցուցանիշը 12,2 էր. 0,3 տոկոսային կետի աճ կա, որն առավելապես առևտրի ու ծառայությունների հաշվին է։
Ներքին առևտրի շրջանառության աճը, պաշտոնական տվյալներով, մայիսին անցնում է 18 տոկոսից, ծառայություններինը հասնում է գրեթե 29 տոկոսի։
Առավելապես այս երկու ոլորտներն են, որոնք դարձել են տնտեսական ակտիվության հիմնական խթանը։ Նաև շինարարությունը, որտեղ ևս ակտիվությունը բարձր է, թեև հինգ ամիսների արդյունքներով աճի հետընթաց է գրանցվել։
Տարեսկզբի չորս ամիսներին շինարարության աճը 16,8 տոկոս էր։ Հինգ ամիսների ցուցանիշն իջել է 16,7 տոկոսի։
Տնտեսության մյուս ոլորտներում մեծ տեղաշարժեր չկան։ Խոսքը հատկապես տնտեսության ամենաառանցքային հատվածի՝ արդյունաբերության մասին է։
Արդյունաբերության աճը տարեսկզբի հինգ ամիսներին կազմել է ընդամենը 3 տոկոս։
Առաջին եռամսյակում ավելի բարձր էր։
Հինգ ամիսների ցուցանիշը 0,6 տոկոսային կետով զիջում է եռամսյակի աճին։
Սա նշանակում է, որ մեր արդյունաբերության վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, հատկապես որ, անցած տարի էլ մի բան չէր։ Անցած տարվա 2,7 տոկոս աճի վրա այս տարի հազիվ 3 տոկոսանոց աճ է արձանագրվել՝ չնայած համատարած պատժամիջոցների ու ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված բազմաթիվ հնարավորություններին։
Սա տարօրինակ է նաև նրանով, որ երբեմն-երբեմն հայտարարություններ են հնչում Հայաստանում անցած տարի իրականացված 1 մլրդ դոլարի հասնող ուղղակի ներդրումների վերաբերյալ։ Եթե նույնիսկ համարենք, որ եղել են այդ ներդրումները, ապա դրանք դուրս են մնացել տնտեսության իրական հատվածի առանցքային ճյուղերից մեկից։
Զարմանալի չէ, որ Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է խոցելի լինել արտաքին ու ներքին շուկաներում։ Դա, անշուշտ, շատ ավելի ցայտուն կերևար արտաքին առևտրի ցուցանիշներում, եթե չլինեին ներմուծում-արտահանումների հայտնի շղթաները։ Ու փոխարենը կառավարությունում մտածեն տնտեսության իրական հատվածը ամրացնելու մասին՝ հպարտանում են, որ առևտրի ու ծառայությունների հաշվին բարձր աճեր են գրանցվում։
Լուրջ խնդիրների է բախվել տնտեսության արտադրական ու արտահանելի հատվածը, որը մեծապես տուժել է հատկապես դրամի ամրապնդումից։ Դրա հետևանքով ֆինանսական դժվարությունների ու սնանկացման վտանգի առաջ են կանգնած այնպիսի ընկերություններ, որոնք նախկինում բարձր եկամտաբերությամբ էին աշխատում։
Տնտեսությունը դուրս է մնում արտաքին շուկաներից, բայց ներքին շուկայում ևս մրցունակության հետ կապված խնդիրները քիչ չեն՝ նույն դրամի ամրապնդման հետևանքով առաջացած դժվարությունների պատճառով։
Առևտուրն ու ծառայություններն էլ, որոնք աճում են, աճում են դրսից եկած մարդկային ու ֆինանսական կապիտալի շնորհիվ։
Որքան էլ այդ աճերն իշխանությունները վերագրեն իրենց, դրանք աճեր են, որոնք կլինեին՝ անկախ իրենց լինել-չլինելուց։ Առևտրի ու ծառայությունների աճերից տնտեսությանը մեծ շահ չկա, իսկ շինարարությունը, որը ևս վերջին շրջանում միացել է այս մրցավազքին, միայն ռիսկերն է ավելացրել։
Տնտեսության ապագան իրական հատվածն է, որտեղ արձանագրվող բարձր աճերի պայմաններում խնդիրներն էլ ավելի են շատացել։ Եթե արդյունաբերության մեջ դեռևս որոշ աճ կա, ապա էներգետիկան անկումային է։ Արտադրության ծավալները նվազել են, չնայած տնտեսության երկնիշ աճերին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ