«Ալիևը մատաղ է անում հայ զինվորներին, իսկ Փաշինյանը շնորհավորում է թշնամուն». Արթուր Խաչատրյան
Հունիսի 27-ից Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով եռօրյա բանակցային ռաունդը։
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ հանդիպումներից մեկի ընթացքում կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն: Վաշինգտոնյան բանակցություններին հընթացս Ադրբեջանը, սակայն, սրել է իրավիճակն Արցախի հետ շփման գծում, կիրառել ԱԹՍ և ականանետ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով Վաշինգտոնում հերթական բանակցային փուլի մասին իր ակնկալիքներից, բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանի կողմից 4 հայ զինվորի սպանության մասին, նշեց, որ որևէ դրական ակնկալիք չունի, քանզի հայկական կողմից բանակցողը հայկական շահը ոչ ներկայացնում է, ոչ էլ՝ պաշտպանում, իսկ դրան զուգահեռ՝ Ալիևը մեծացնում է իր պահանջներն ու ճնշումը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում բանակցություններից առաջ, բայց, մյուս կողմից, չեմ կարողանում պատկերացնել, թե Ալիևն էլ ի՞նչ է պահանջում, չէ՞ որ Փաշինյանը ընդունել է Ալիև բոլոր պահանջները. Օրինակ, Արցախը Հայաստան է, և վերջ ասելու փոխարեն՝ համաձայնվել է ասել՝ Արցախն Ադրբեջան է։ Փաշինյանը կրկնում է ադրբեջանական թեզերը, ՄԱԿ ԱԽ բանաձևերը ներկայացնում է ադրբեջանական պրիզմայով, ուստի, թե էլ ի՞նչ է պահանջում Ալիևը, չեմ պատերացնում, հավանաբար այն, որ ասում էր, թե Կոնդում թուրքեր են ապրել, դա են քննարկում»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե զավեշտ է, որ Արցախում թշնամու կողմից 4 հայի սպանությունից հետո անգամ, Փաշինյանը չի մոռանում թշնամի Թուրքիային։
«Ալիևը մատաղ է անում հայ զինվորներին, իսկ Փաշինյանը շնորհավորում է թշնամուն»,- ասաց նա։
Պատգամավորի փոխանցմամբ՝ Ադրբեջանի համար չի գործում միջազգային որևէ իրավունք, և, ինչպես հայտարարում է այդ երկրի ղեկավարը, բոլոր հարցերն իրենք լուծում են ուժի միջոցով, ուստի, անգամ Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով անցկացվող բանակցություններից որևէ իրական ակնկալիք չպետք է ունենալ, քանի որ հայկական կողմից բանակցում է Հայաստանի այն իշխանությունը, որը 2018 թվականին վիժեցրել է Հայաստանի և Արցախի շահերից բխող բանակցային գործընթացը։
«Սերժ Սարգսյանից Փաշինյանին է անցել մի բանակցային փաստաթուղթ, որով Արցախում ազատ կամարտահայտության միջոցով որոշվելու էր Արցախի կարգավիճակը, 80/20 համամասնությամբ էլ տեղի էր ունենալու հանրաքվե, սակայն Փաշինյանն այս ամբողջ բանակցային գործընթացը վիժեցրեց, հայտարարեց, թե չի՛ կարող Արցախի անունից բանակցել։ Ալիևի հետ հանդիպեց մոտ 7 անգամ ՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, և հենց դրանով ևս վիժեցրեց բանակցային գործընթացը»,- ասաց Արթուր Խաչատրյանը, որում Ալիևը ստիպված էր իր երազանքի 5 շրջանին հասնելու համար 5 միլիարդ առաջարկել ու մերժվել։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։