Բաքուն շանտաժ է անում և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին». Հայկ Խալաթյան
«Արևմուտքի համար միևնույն է՝ ինչպես կլուծվի ԼՂ կոնֆլիկտը, նրանց պետք է այս կոնֆլիկտը լուծվի, որովհետև շատ լավ հասկանում են, որ ներկայիս լուծումը, որը կա սեղանի վրա, բերելու է ռուս խաղաղապահների դուրսբերման Արցախից, երկրորդ՝ հետագայում բերելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայման, և հարց է բարձրացվելու Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու: Փաստացի, համոզելով Երևանին գնալ ստորագրելու մի փաստաթուղթ, որով Արցախը հանձնվում է Ադրբեջանին, դա նշանակում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ շեշտելով, որ Արևմուտքն այդ քայլին գնալու է, այլ հարց է, որ Ռուսաստանն այդ ամենին որևէ կերպ չի դիմադրում:
«Մենք տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, ինչ խնդիրների առաջ է կանգնած Ռուսաստանը, թե՛ ուկրաինական պատերազմում, թե՛ վերջին օրերին ներքաղաքական զարգացումներ եղան Ռուսաստանում: Այդ ֆոնին չունենալով նորմալ երկխոսություն ՀՀ իշխանությունների հետ, և ամենակարևորը՝ վստահություն, ռուսական կողմը, իր քաղաքական սպեցիֆիկայից ելնելով, շատ ուշ, շատ իներտ է արձագանքում այն մարտահրավերներին, իրավիճակի արագ փոփոխությանը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում: Այո, այս պահին Ռուսաստանը հասկանում է, որ իրեն արդեն շրջանցել են՝ որպես բանակցային գործընթացի գլխավոր միջնորդ, հասկանում է, որ այդ ամբողջ գործընթացի նպատակն իրեն դուրս մղելն է տարածաշրջանից, բայց գիտեք՝ մեկ-մեկ որ շփվում եմ ռուս փորձագիտական շրջանակների հետ, նրանց մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ Հայաստանի իշխանություններն իրենց շահերի դեմ կարո՞ղ են գործել, պատրաստ են հանձնե՞լ Արցախը, եթե դուք այդպես եք ուզում, մեզ համար խնդիր չկա, մի կերպ կդիմանանք այդ հարվածին, բայց Հայաստանի համար դա որևէ լավ բանի չի բերելու: Բայց մյուս կողմից, չեմ կարծում, որ Ռուսաստանն այդքան հեշտ դուրս կգա տարածաշրջանից: Այդ պատճառով, Հայաստանի իշխանության ներկայիս քաղաքականությունը շատ վտանգավոր է, որովհետև չենք ձեռք բերում նոր դաշնակիցներ, բայց Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ ձեռք ենք բերելու ևս մեկ հակառակորդ: Պետք է հասկանանք, որ ինչքան Արևմուտքն այստեղ ուժեղանա, Թուրքիան ուժեղանա, դա Ռուսաստանի և Իրանի մոտ դժգոհություն է բերելու», -մանրամասնեց Հայկ Խալաթյանը:
Նա շեշտեց՝ ի տարբերություն Ռուսաստանի՝ Արևմուտքը հետևողական և սիստեմատիկ աշխատանք է տանում. «Բաքուն շանտաժ է անում Մոսկվային, հասկանալով, որ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ այստեղ երկրորդ ճակատ բացել: Նույն կերպ Բաքուն շանտաժ է անում Արևմուտքին՝ ասելով, որ՝ եթե դուք պատրաստ եք այդ բոլոր քայլերին, ուրեմն մինչև վերջ պետք է իմ պայմաններն ընդունեք՝ Ստեփանակերտ-Բաքու բանակցային որևէ ֆորմատ չի լինելու, Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս, և մենք ոնց կուզենանք՝ հայերի հարցը կլուծենք»:
Անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթներին, նա նշեց, որ Փաշինյանը փորձեց քավության նոխազներ գտնել և հասարակությանը համոզել, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից. «Վերջին նիստին ուղիղ խոսքով ասաց դա, որ իրեն համարում է գլխավոր մեղավորը, բայց հենց սկսում է գրել՝ ինչ է արել, կամ ինչ կարող էր անել, պարզվում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից: Լավ է, որ Օնիկ Գասպարյանը որոշեց խոսել, բայց այստեղ հետաքրքիր պահ կա՝ երկրի ղեկավարը դիտորդ չէ, մեդիատոր չէ, եթե դու վարչապետ ես, կրում ես պատասխանատվություն ամբողջի համար: Եթե դու չես կարողանում քո պարտականությունները կատարել, պետք է հստակ կանգնես, այդ մասին ասես ժողովրդին: Նա ասում էր, որ վախ ուներ՝ եթե բոլոր զիջումներին գնար, էլի պատերազմը կլիներ:
Պատերազմից հետո ասում էր՝ Սյունիքում դիրքերը հանձնենք, դա կուժեղացնի Սյունիքի անվտանգությունը. ուժեղացրե՞ց, ո՛չ, տեսնում ենք լարվածությունը: Խաղաղության դարաշրջանից էր խոսում, դա բերեց 200-ից ավելի զոհերի՝ միայն նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ: Հիմա նորից ասում է, որ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց էլի կարող է պատերազմ լինել: Հարց է առաջանում, չէ՞, այ մարդ, դու հիմա եթե քաղաքականությամբ ես զբաղվում, կլինի՞, որ գոնե մի բանում վստահ լինես, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես, եթե դու ամեն անգամ որոշում ես կայացնում, արտաքին քաղաքականության ուղի ես նշում, և միևնույն է, դա բերում է նոր խնդիրների, ճգնաժամերի, կորուստների, կարո՞ղ է տեղդ զիջես մարդկանց, ովքեր ավելի կոմպետենտ են և կարող են այդպիսի կատաստրոֆիկ սխալներ չգործել՝ ի տարբերություն քեզ»:
Հայկ Խալաթյանն ապօրինի է համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը. «Նա իսկապես քաղբանտարկյալ է, բայց առաջինը չէ, որովհետև Հայաստանում այս պահին կան բազում քաղբանտարկյալներ, որոնց մի մասը նստած են, մի մասի դեմ քրեական գործեր կան, բայց անհասկանալի պատճառներով՝ ո՛չ դատավճիռ ենք տեսնում, ո՛չ այդ գործերը փակվում են, որպես մահակ են պահում, որը միշտ կարող են օգտագործել: Տեսեք՝ նրանք ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի մարդուն, ինչպիսին Արմեն Աշոտյանն է, որին շատ լավ ճանաչում են եվրոպական կառույցներում, Ռուսաստանում, կարողանում են նստեցնել, և տեսնում են, որ որևէ լուրջ միջազգային ճնշում չկա, էլի խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունն ամբողջովին ընդունելի է Արևմուտքի համար: Հավաքական Արևմուտքը պատրաստ է աչք փակել Հայաստանում մարդու իրավունքների ցանկացած խախտման վրա, միայն թե Փաշինյանը ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը: Նրանք փորձում են հայ հասարակության պայքարող, ակտիվ հատվածին ցույց տալ, որ՝ գիտե՞ք ինչ, եթե մենք մի վայրկյան անգամ չենք մտածում՝ Աշոտյանին նստեցնում ենք, ցանկացածիդ կարող ենք ավելի հանգիստ նստեցնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում