Բաժիններ՝

«Պետք է ոչ թե նման որոշում կայացնեին, այլ պետական միջոցների հաշվին մեծ քանակով ցորեն ներկրեին Հայաստան». Աշոտ Հարությունյան

Կառավարությունը՝ ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմամբ պայմանավորված, որոշել է 6 ամսով երկարացնել ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման արգելքը։

Այս արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված ապրանքների վերարտահանման վրա։

168.am հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանն անդրադառնալով Կառավարության այս որոշմանը՝ նախ ասաց, որ Կառավարության ընդունած որևէ որոշման մեջ չի կարողանում տրամաբանություն գտնել, հետևաբար՝ կարիք չի տեսնում այդ որոշումներից որևէ մեկի վերաբերյալ տալ մեկնաբանություն։

«Ինքս չգիտեմ՝ դա ինչ որոշում է, չեմ կարող ասել, թե սրանք՝ իշխանությունները, որ տեսանկյունից են այդ որոշումն ընդունել»,- ասաց Աշոտ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, իշխանությունների «չվանին չի կարելի լվացք փռել», քանի որ նրա գործառույթը պետք է այսօր ոչ թե նման որոշումների ընդունումը լիներ, այլ մեծ քանակով ցորեն ներկրումը Հայաստան, նույնիսկ պետական միջոցների հաշվին։

«Իմ մոտեցումներն իրենց մոտեցումների ու չմտածածների հետ չի համընկնում, թե ինչ են մտածում ու ում ջրաղացին են ջուր լցնում, անկեղծ ասած՝ չեմ կարող ասել։ Մի բան կարող եմ ասել, քանի որ դրամ-ռուբլիով ցորենը շատ էժան է, այսօր ընդամենը ոչ թե պետք է սահմանափակեին, այլ էժան ու լավ որակի  ցորեն բերեին Հայաստան, սերմացու, որպեսզի մեր պահուստները համալրեին։ Եթե ցորենն էժան է, նշանակում է՝ ալյուրը պետք է էժանացած լիներ և գոնե ցամաք հացը էժանարար։ Թանկացնելուց սարսափելի թանկացնում են։

Մենք չգիտենք՝ վաղն այստեղ ինչ կարող է լինել, տարին էլ անբարենպաստ է, այսինքն՝ իշխանությունը կարող էր երկու տարվա մեր ռեզերվն ապահովել։

Իմ պրակտիկայում նման որոշումներ չեն եղել՝ առավել ևս հացահատիկի հետ կապված»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ իշխանությունների որևէ որոշում, հաջորդականություն, տրամաբանություն չունի, ավելին՝ երբ երկրում նման իրավիճակ է, իմաստ էլ չկա անդրադառնալու Կառավարության այդ որոշմանը։

Տեսանյութեր

Լրահոս