«Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. սա մեր «կարմիր գիծն» է». Արթուր Թովմասյան

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին գիշերն Ադրբեջանի սադրանքների հետևանքով զոհված 4 հայ զինծառայողների հիշատակը։ Այնուհետև խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին։

«Արցախը երբեք չի եղել ու չի լինի անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է։ Սա մեր «կարմիր գիծն» է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։ ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը, փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի ազատ ու լիարժեք անվտանգ ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ Բարձր ենք գնահատում ԵԽԽՎ-ի՝ Լաչինի միջանցքով ազատ ու ապահով երթևեկելու վերաբերյալ բանաձևի ընդունումը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ իրավունքների և անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի՝ «խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը»,- իր խոսքում նշեց Արթուր Թովմասյանը։

Նրա կարծիքով՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանի որ Ադրբեջանն արհամարհում ու ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին, ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս