«Մարտունիում իրավիճակը նորմալ է, դժվարությամբ, բայց աշխատանքներ իրականացնում ենք». Ազնավուր Սաղյան
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին, ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Այս մասին առավոտյան տեղեկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես, հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ղեկավար Ազնավուր Սաղյանն ասաց, որ կրակոցները կոնկրետ Մարտունի քաղաքի ուղղությամբ չեն եղել, թե կոնկրետ որ ուղղություններով են կրակել, կարող է մանրամասնել միայն Արցախի ՊԲ-ն։
«Այս պահին Մարտունիում իրավիճակը նորմալ է, այս դեպքերի հետ կապված էլ դա իմ ուղղությունը չէ։
Մենք այս պահին դժվարությամբ փորձում ենք շարունակել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Հիմա բերքահավաք ենք անում։ Իրացումն էլ դժվարությամբ, բայց կարողանում ենք անել։ Այսինքն՝ ամեն ինչ դժվարությամբ, բայց աշխատանքներ իրականացնում ենք»,- շեշտեց Ազնավուր Սաղյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունն արդեն 199 օր գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Իսկ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել և անցակետ էր տեղադրել։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ՝ կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: