Բանակցություններ Արլինգթոնում՝ սպառնալիքների ներքո․ ինչո՞ւ ԱՄՆ-ը չի արձագանքում

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները՝ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո։ Բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը:

Ըստ Պետքարտուղարության, պետքարտուղարն առանձին կհանդիպի հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Մայիսի 1-ին կրկին Արլինգթոնում ծավալված քառօրյա բանակցությունները տեղի էին ունեցել թե Բլինքենի, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ, թե ուղիղ։

Ուշագրավ է, որ այս բանակցությունների մեկնարկին զուգահեռ՝ ըստ էության ադրբեջանական կողմը հրաժարվեց նույնիսկ խոսել արցախահայության համար անվտանգության երաշխիքների մասին։ Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին սպառնալիքներով հանդես եկավ՝ հայտարարելով, որ ադրբեջանական բանակը պատրաստ է զինաթափել իբրև թե Ղարաբաղում մնացած ապօրինի ռազմական խմբավորումները. դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվի։ Հղում անելով Ալիևին` Հասանովը սպառնացել է` ցանկացած սադրանք Ադրբեջանի բանակի դեմ նրանց համար շատ վատ ավարտ կունենա, հավելելով.- «Ով ցանկանում է ընդունել Ադրբեջանի օրենքները, կարող է շարունակել ապրել Ղարաբաղում, ով չէ` ճանապարհը բաց է, թող հեռանա»:

«Մենք առանձնապես բարձր չենք գնահատում անօրինական զինված կազմավորումների կարողությունները, որոնք մնացել են Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական գոտում: Մեզ հայտնի է դրանց քանակությունը, սպառազինությունը, բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են ընդունակ: Եթե այդ անօրինական զինված կազմավորումները սադրանքների գնան, նրանց հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով: Բայց ես հուսով եմ` բանականությունը, այդուամենայնիվ, կհաղթի, և նրանք կհասկանան, որ տարբերակ չունեն և պետք է միջազգային օրենքի շրջանակներում ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչեն Ադրբեջանի օրենքները»,- ասել է նա: Անցած շաբաթ նույնը նաև Իլհամ Ալիևն էր ասել՝ հավելելով, թե Ադրբեջանի բանակը շարունակում է ինտենսիվ զինվել` ձեռք բերելով նաև հեռահար հրթիռներ:

Հասանովը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական բանակը Հայաստանի դեմ վեց խոշոր ռազմական գործողություն է իրականացրել, և վեցն էլ ավարտվել են հաջողությամբ:

«Մենք վերահսկում ենք ռազմավարական բոլոր բարձունքները»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Ընդ որում, Հասանովն իր խոսքում անընդհատ կիրառել է «պայմանական պետական սահման» բառակապակցությունը՝ փաստացի ընդգծելով, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանը չի ճանաչում: Հասանովը մանրամասն ներկայացրել էր, թե ինչ առավելությունների է հասել ադրբեջանական բանակը սահմանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը կազմակերպելու համար մոտավորապես նույնպիսի սպառնալիքներ կիրառել էր նաև ամերիկյան կողմը։ Իսկ շատ ավելի վաղ Պետքարտուղարությունը ողջունել էր Ալիևի վերջնագրերն Արցախի իշխանություններին փաթեթավորված «համաներման» անվան տակ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բանակցային գործընթացի ակտիվ փուլի դեպքում սա աննախադեպ իրավիճակ է, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնալիքներով է հանդես գալիս՝ անտեսելով նույնիսկ միջնորդների առկայության փաստը։ Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը տասնյակ տարիներ բանակցություններ է վարել, սահմանին սրացումներ եղել են, սակայն դժվար է հիշել, որ եղել են այդ ընթացքում նման բաց, հրապարակային սպառնալիքներ։

«Այսօր Ադրբեջանը չի թաքցնում ոչ իր պլանները, ոչ այն, թե ինչ օպերացիաներ է իրականացրել այն դեպքում, երբ անցյալում նույնիսկ սահմանային փոխհրաձգության դեպքում փորձում էր ողջ պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության վրա։ Իհարկե, այս երևույթի գլխավոր պատճառն այն ուժային անհավասարակշռությունն է, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը ևս ունի իր «մեղավորությունը»։ Ռուսաստանն այսօր շատ ավելի սահմանափակ իրավիճակում է, քան Արևմուտքը, և եթե Ռուսաստանի փոխարեն ակտիվ բանակցային գործընթացով զբաղվում է Արևմուտքը, ապա ինչո՞ւ Արևմուտքը չի արձագանքում այս սպառնալիքներին։

Հետաքրքիր է՝ ԱՄՆ-ում այս բանակցային ռաունդի ընթացքում ամերիկյան կողմն անդրադառնալո՞ւ է արդյոք այն հրապարակային սպառնալիքներին, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, թե՞ այդ սպառնալիքները տեղավորվում են արևմտյան ծրագրի շրջանակում, որոնք գուցե, ըստ այդ տրամաբանության, պետք է նպաստեն արագ լուծումների կայացմանը։ Արևմուտքում պետք է որ պատկերացնեն, որ սպառնալիքների ներքո ձևավորվող խաղաղությունը կենսունակ չէ, և այս ֆեյք գործընթացը չի հանգեցնելու խաղաղության, որքան էլ ցանկությունը մեծ լինի»,- ասաց Սկակովը։

Ըստ նրա, հենց դա է պատճառը, որ ՌԴ-ն առաջարկում է գործընթացը սկսել ոչ թե վերջից, այլ սկզբից, համաձայնեցնել բոլոր հարցերը, որից հետո կնքել համաձայնագիր։ «Արևմուտքը գնում է արագ համաձայնագիր կնքելու ճանապարհով, որն ամենայն հավանականությամբ կտապալվի»,- նկատեց նա։

Վրացի վերլուծաբան, նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ Արևմուտքի ընկալումը դեռ այն է, որ Հարավային Կովկասում անվտանգության պատասխանատուն Ռուսաստանն է, և արձագանքողը պետք է Ռուսաստանը լինի։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը միջնորդ է, որը ստանձնում է պատասխանատվություն, սակայն կողմերին հորդորում է ուղիղ շփումներ ձևավորել, լուծել այդ շրջանակում բոլոր հարցերը։

«Սա պատահական չի ասվում, ԱՄՆ-ը ցանկանում է, որ կողմերը սովորեն շփվել միմյանց հետ առանց միջնորդի, առանց հովանավորի։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ռեգիոնալ ռազմական ու դիվանագիտական անհավասարակշռության պայմաններում դա դժվար խնդիր է։ Սակայն հենց դրա համար են բանակցությունները, կարծում եմ՝ Միացյալ Նահանգները դիտարկում է այս հարցերը, որևէ մեկը չի կարող ասել, թե փակ դռների ետևում դիվանագիտական ինչ շեշտադրումներ են հնչում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մինչ ուղիղ բանակցություններն Արևմուտքը կգտնի իրավիճակի միջանկյալ տարբերակներ ռեգիոնալ հավասարակշռության համար։

Տեսանյութեր

Լրահոս