Ադրբեջանն այլ պահանջներ է առաջին պլան բերում, անհասկանալի են ՀՀ իշխանությունների քայլերը. փորձագետների ակնկալիքները Վաշինգտոնից մինիմալ են

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մեկնել են Վաշինգտոն՝ բանակցային հերթական ռաունդն անցկացնելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր․ «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»։

Այս բանակցություններին ընդառաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հրապարակայնորեն մերժել էր Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։

Reuters գործակալությանը տված հարցազրույցում Բայրամովն ասել էր, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի գործերին։ «Մենք նախապայմանը չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,-ասել էր Բայրամովը՝ նշելով, թե «էթնիկ հայերը դեռ կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման «ինտեգրվեն» ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին»։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի:

«Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-նշված էր հաղորդագրությունում։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում այս բանակցություններից լուրջ ակնկալիքներ չհայտնեց։ Նա նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները փորձում են Բաքվին ու Երևանին խնդրելով պարտադրել ինչ-որ անհասկանալի խաղաղության բանաձևեր՝ ձգտելով դրանք իրականացնել արագացված ռեժիմով։ Սակայն այդ պլանը, նրա վստահեցմամբ, չի աշխատում։ Իրենք՝ կողմերը, ըստ Տարասովի, երբեմն նույնիսկ անհասկանալի է, թե ինչ հարցերի շուրջ ունեն կոնսենսուս և ինչ հարցերի շուրջ չունեն։

«Թվում էր, թե Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը մեծ արձագանք կստանա Ադրբեջանի կողմից, սակայն Ադրբեջանի համար սա կարծես ոչ թե առանցքային և գլխավոր ձեռքբերում է, այլ ընթացիկ, քանի որ այլ պահանջներ են առաջին պլան գալիս։ Իր հերթին՝ անհասկանալի են ՀՀ իշխանությունների քայլերը, անդրադառնում են բանակցային պատմությանը, ինչ-որ

դրվագներ բերելով առաջին պլան՝ անտեսելով այլ կարևոր դրվագներ, զուգահեռաբար հեղինակազրկելով նախկինում բանակցված փաստաթղթերը։ Այսինքն՝ որևէ որոշակիություն այս գործընթացում չկա, կողմերն իրենք են անընդհատ մոտեցումներ փոխում կամ խուսափում բանակցություններից։ Սակայն գործընթացը, անկախ նույնիսկ այս պահի արդյունքից, հարկավոր է Արևմուտքին, ուստի բանակցությունները կշարունակվեն»,-ասաց Տարասովը։

Ըստ նրա, այս բանակցային ռաունդից պետք է սպասել նույնպիսի անորոշ, անհասկանալի արդյունքներ, ինչ մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից։

«Եթե հիշում եք, ոգևորությունը մեծ էր, քանի որ նախարարները 4 օր բանակցել էին, ներկայացվում էր՝ որպես ԱՄՆ-ի լուրջ նախաձեռնություն, սակայն հիշում եք նաև՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո, Արևմուտքում մի քանի հանդիպում եղավ, սակայն շատ ավելի լուրջ ապակայունացում հաջորդեց այդ ամենին ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին։ Եթե Արևմուտքը հաջողում է բանակցությունները, վերահսկում կողմերին, ապա ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում, շարունակվում անկայունությունը։ Այս ամենը մեծ բլեֆի է նմանվում, որի նպատակը ՌԴ-ի «բացակայությունը» լցնելն է, սակայն Արևմուտքը դա չի կարողանում անել, ուստի մնում է, գոնե որքան հնարավոր է,շարունակել գործընթացը»,-ասաց Տարասովը։

Իր հերթին՝ Անդրեյ Արեշևը մեզ հետ զրույցում ասաց, որ կողմերը Վաշինգտոն են մեկնում բավականին լարված դիրքորոշումներով և տարածաշրջանային լարված միջադեպերից հետո։ Գլխավոր հարցը, ըստ նրա, ԼՂ հայության ապագան է, որի շուրջ չկա կոնսենսուս։

«Միացյալ Նահանգներն այնքան ներգրավված է գործընթացում, որ կրկին հրաժարվել այդ նախաձեռնությունից հնարավոր չէր, սակայն չեմ կարծում, թե ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություն է լինելու։

Այստեղ առանցքային է նաև Ստեփանակերտի դիրքորոշումը, որը ԵԱՀԿ Մինսկի խումբ է պահանջում և չի ցանկանում Բաքվի հետ բանակցել Բաքվի թելադրած օրակարգով։ Ուստի կարծում եմ՝ կբանակցեն-կվերադառնան, Վաշինգտոնը դա կներկայացնի՝ որպես առաջընթաց, սակայն անկայունությունը կշարունակվի, քանի որ Բաքվի համար ավելի հեշտ է օգտվել աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից, Ռուսաստանի իրավիճակից և ուժային միջոցներով ճնշում բանեցնել իր հակառակորդի նկատմամբ»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս