Բաժիններ՝

Լիտվայի նախագահը հայտարարել է Բելառուսի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է Բելառուսի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Եթե Պրիգոժինը կամ «Վագների» խմբի մի մասը հայտնվի Բելառուսում անորոշ պլաններով և անորոշ մտադրություններով, դա միայն կնշանակի, որ մեզ անհրաժեշտ է է՛լ ավելի ուժեղացնել մեր արևելյան սահմանների անվտանգությունը», – լրագրողներին հայտարարել է Նաուսեդան՝ամփոփելով Լիտվայի պետական ​​անվտանգության խորհրդի նիստի արդյունքները։

«Ես այստեղ խոսում եմ ոչ միայն Լիտվայի, այլ, անկասկած, ողջ ՆԱՏՕ-ի մասին», – ընդգծել է Լիտվայի նախագահը։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց տեղակայման վայրեր։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ ապստամբությանը մասնակցած վարձկանները հետապնդման չեն ենթարկվի՝ հաշվի առնելով նրանց վաստակն առաջնագծում: Ավելի ուշ ՌԴ պետական լրատվամիջոցները, վկայակոչելով գլխավոր դատախազության իրենց աղբյուրին, հայտնել էին, որ Պրիգոժինի հանդեպ քրեական գործը չի կարճվել: Նրա գտնվելու վայրը ներկայում անհայտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս