Պուտինը պատմել է՝ ինչով է սկսվում և ավարտվում իր օրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ աշխատանքային օրը սկսում և ավարտում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ հարցերով։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Դե, իհարկե, ես առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում, օրը սկսվում և ավարտվում է դրանով»,- ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով`խոսքը հանդիպումների և հեռախոսային քննարկումների մասին է։
Նախագահը նաև նշել է, որ զենքի արտադրության հետ կապված հարցերն անընդհատ քննարկում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ու ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև այդ զենքն օգտագործողների հետ։
«Մենք խոսում ենք դրանց արդյունավետության մասին, մենք խոսում ենք այն մասին, թե ուրիշ որտեղ և ինչի վրա է պետք աշխատել, որտեղ և ինչն է պակասում, մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես, ինչ ձևերով, ինչ քայլերով, ինչ տեմպերով պետք է ավելացնենք ջանքերը»,- հավելել է Պուտինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ պաշտպանության ոլորտում արտադրության տեմպերի և ծավալների ավելացումը չպետք է լինի քաղաքացիների հանդեպ առողջապահության, շինարարության, կրթության ոլորտներում սոցիալական պարտավորությունների հաշվին։
«Ամեն ինչ պետք է, այսպես ասած, ներդաշնակ լինի միմյանց հետ, այդ թվում՝ պաշտպանունակության բարձրացման ոլորտում մեր ջանքերը չպետք է վնասեն գլխավորը, իսկ գլխավորը հիմքն է, իսկ հիմքը տնտեսությունն է»,- ասել է ՌԴ նախագահը։