Ամերիկյան հետախուզությունը դեռ հունիսի կեսերին է իմացել, որ «Վագներ»-ը Ռուսաստանում զինված ապստամբության է կազմակերպում. The Washington Post
Ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին արդեն տեղեկատվություն է ստացել առ այն, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում հնարավոր զինված ապստամբության է կազմակերպում: Այս մասին գրում են The Washington Post (WP) և The New York Times (NYT) թերթերը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ըստ WP-ի՝ Պրիգոժինի ծրագրերի մասին տեղեկատվությունը ամերիկյան հետախուզությունը ստացել է հունիսի կեսերին, NYT-ն պնդում է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները ճշգրիտ տվյալներ են ստացել հունիսի 21-ին։
«ԱՄՆ հետախուզությունը բավականաչափ ազդանշաններ ուներ Պրիգոժինի հնարավոր գործողությունների մասին, որպեսզի կարողանար ղեկավարությանը տեղեկացնել, որ ինչ-որ բան է կատարվում», – ասել է ամերիկացի պաշտոնյան WP-ին:
NYT-ն, հղում անելով իր բարձրաստիճան զրուցակիցներից մեկին, հայտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում «մեծ մտահոգություն» է եղել, թե ինչ կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, քանի որ «ցանկացած անկայունություն կազդի ռուսական միջուկային զինանոցի վերահսկողության վրա»։
Ըստ NYT-ի՝ ի տարբերություն 2021-ի վերջին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ԱՄՆ հետախուզությունը գաղտնազերծեց Ուկրաինայում ռազմական գործողության Ռուսաստանի նախապատրաստության մասին տեղեկատվությունը, այժմ ԱՄՆ հետախուզական ծառայությունները գիտակցաբար որոշել են դա չանել:Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ենթադրում էին, որ նման տեղեկատվությունը կարող էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հիմք տալ՝ մեղադրելու Արևմուտքին պետական հեղաշրջում կազմակերպելու համար։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները շահագրգռված չէին օգնել Ռուսաստանի նախագահին խուսափել «Վագներ»-ի «լուրջ» հարվածից։
Ըստ CNN-ի՝սեփական աղբյուրների՝ հետախուզությունը շաբաթվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսին զեկուցել է «Վագներ»-ի տեղաշարժերի մասին և կոնգրեսականներին մանրամասն տեղեկություններ է տրամադրել սահմանին մասնավոր ռազմական ընկերության ուժերի կուտակման մասին:
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սկսել է «արդարության երթ» դեպի Մոսկվա Մ-4 Դոն մայրուղով։ «Վագներ»-ի մարտիկներն ու տեխնիկան մտել են Դոնի Ռոստով, Վորոնեժ և Լիպեցկի մարզի տարածք։
Հունիսի 24-ի գիշերը «Վագներ»-ի մարտիկները գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», իսկ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, և նա ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։
Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Վագներ»-ի ղեկավարը կգնա Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա դա անել, Ռուսաստանի նախագահի խոսքն է, հավելել է Պեսկովը։