«Վագներ»-ի ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և առանց միջադեպերի լքում են Վորոնեժի մարզը
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և առանց միջադեպերի լքում են Վորոնեժի մարզի տարածքը: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Վորոնեժի մարզի տարածքով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների տեղաշարժն ավարտվում է: Տեղաշարժն անցնում է կանոնավոր և առանց միջադեպերի»,- գրել է նա։
Նահանգապետը հավելել է, որ իրավիճակի վերջնական լուծումից հետո բոլոր սահմանափակումները կհանվեն։ Այս, ինչպես նաև վնասի վերացման և փոխհատուցման միջոցառումների վերաբերյալ նա խոստացել է լրացուցիչ զեկուցել։
Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել վորոնեժցիներին «զսպվածության, հաստատակամության և ողջամտության համար», իսկ իրավապահ մարմիններին և ներգրավված գերատեսչություններին՝ լավ համակարգված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որտեղ նախօրեին «Վագներ»-ի մարտիկները զբաղեցրել էին ռազմական օբյեկտները: Այս մասին ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։
Հունիսի 24-ի գիշերը «Վագներ»-ի մարտիկները գրավել են Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականների գործողություններն անվանել է «հանցավոր արկածախնդրություն», իսկ Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, և նա ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագներ»-ի շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։
Երեկոյան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Վագներ»-ի ղեկավարը կգնա Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա դա անել, Ռուսաստանի նախագահի խոսքն է, հավելել է Պեսկովը։