«Այս պահին նորմալ է, շատ բան չկա». Ճանկաթաղի գյուղապետ
Արդեն 195-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը 120 հազար արցախահայերով գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Տասնյակ բուժառուներ չեն կարողանում հասնել Երևան և ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը, քանի որ Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ արդեն պատնեշ է տեղադրել՝ արգելելով նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից հումանիտար օգնություն տեղափոխելը։
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախում մշտապես ունենալով խաղաղ բնակիչներին։
Հունիսի 23-ին դիրքից կրակել էին Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ: Բնակիչներից մեկն ահազանգել էր, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ, որի հետևանքով վնասվել էր բնակչի տան տանիքը։
168.am-ի հետ զրույցում Ճանկաթաղի գյուղապետ Սասուն Վանյանը գյուղում տիրող իրավիճակի մասին մի կարճ տեղեկություն տվեց.
«Ամեն ինչ նորմալ է, ամեն դեպքում, այս պահին նորմալ է, շատ բան չկա»,- նշեց Սասուն Վանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել և անցակետ էր տեղադրել։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ՝ կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
Իսկ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս ամենի հետևանքով, արդեն 195-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։