ՀՀ-ում կիբեռհարձակման ենթարկված անձանց թվում կան նախարարությունների շատ աշխատակիցներ
Հայաստանում «Pegasus» լրտեսական ծրագրից տուժած քաղաքացիների թվում կան շատ հայտնի դեմքեր, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, նաև ոմանց երեխաների հեռախոսներն են վարակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նախորդ գիշեր «Apple» ընկերությունը բազմաթիվ մարդկանց կիբեռհարձակման մասին ծանուցում է ուղարկել` նշելով, որ նրանք դարձել են պետական հաքերների թիրախ։ Խոսքը «Pegasus» լրտեսական վիրուսի մասին է։
Մարտիրոսյանի խոսքով` տուժողների ցանկը խոսում է այն մասին, որ կրկին անվտանգությանն առնչվող լուրջ խնդիր է առաջացել։ «Pegasus»–ի հետ կապված առաջին ալիքը գրանցվեց անցյալ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանն ու ևս երկու երկիր «Apple»–ից ստացան համապատասխան նամակներ։ Հիմա առկա է նոր, բավականին մեծ ալիք։
«Եթե օգտատերերը նամակ են ստացել, դեռ չի նշանակում, որ նրանց նոր են վարակել կամ երեկ։ Պարզապես «Apple» ընկերությունը հայտնաբերել է նախանշաններ և պարզել, որ որոշ մարդկանց հեռախոսները վարակվել են։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում վարակումը տեղի է ունեցել դեռ 2021 թվականի մայիսին կամ ապրիլին։ Այդ առումով ոչ թե հարձակումներն են շատացել, այլ հետին թվով բացահայտումները»,– պարզաբանեց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ թեև չի կարող մարդկանց անուններ տալ, եթե իհարկե այդ մարդիկ չեն հանրայնացնում իրենց հետ տեղի ունեցածը, բայցևայնպես վերջին ալիքի տարօրինակությունն այն է, որ հարձակման ենթարկված անձանց թվում կան նախարարությունների շատ աշխատակիցներ, հիմնադրամների ներկայացուցիչներ, որոնք լրտեսվելու առումով այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում։
Այդուհանդերձ մտահոգիչ է այն հանգամանքը, որ հերթական վարակումը մասշտաբային է եղել, քանի որ թիրախավորվել են բավականին լայն սպեկտրով մարդիկ` քաղաքական գործիչներից մինչև շարքային քաղաքացիներ։
«Վարակումը շատ թանկ գործընթաց է, և դա վկայում է այն մասին, որ այդ նպատակով ծախսվել են հսկայական գումարներ։ Փորձագետների կարծիքով` հիմնական վարակողն Ադրբեջանն է, որը փորձում է ինչ–որ կապեր գտնել կամ որոշ մարդկանց միջոցով դուրս գալ ավելի բարձրաստիճան մարդկանց վերաբերող տեղեկատվության վրա։ Հնարավոր է նաև` հատուկ ծառայությունները գնացել են կոնկրետ հետքերով, որպեսզի հետաքրքրվեն կոնկրետ մարդկանցով։ Պետք է գիտակցել նաև, որ վարակումների մի մասն էլ ենթադրաբար եղել է այլ երկրից, ինչը ցույց է տալիս, որ վարակումների պատվիրատուն միայն մեկ պետություն չէ»,– ասաց մեր զրուցակիցը։
Մարտիրոսյանի դիտարկմամբ` սովորաբար «Pegasus»–ի նման ծրագրերը վարակը տարածում են այն ժամանակ, երբ հեռախոսի տերը կատարում է ինչ–որ գործողություն։ Օրինակ` ինչ–որ հետաքրքիր հղում են ուղարկում հեռախոսի տիրոջը, որն ակտիվացնում է այն, ինչից հետո էլ հեռախոսը վարակվում է։ Կամ կարող է մարդը «Whatsapp» հավելվածով զանգ ստանալ անծանոթ մարդուց, և նույնիսկ չպատասխանելու դեպքում հեռախոսը կարող է վարակվել։ Այդ պահը հնարավոր է հասկանալ, երբ հաշվեհամարին գալիս են մեծ գումարներ կամ հեռախոսի մարտկոցն է շատ արագ լիցքաթափվում, թեև շատ դեպքերում հնարավոր չէ միանգամից որսալ վարակվելու պահը, և հենց այդ պատճառով է վարակը բավականին վտանգավոր։
Փորձագետը նշեց, որ վարակողը կարող է հեռախոսից գողանալ ֆայլեր, հեռախոսում պահվող տեղեկություններ, նկարներ, կարող է աննկատ կերպով միացնել տեսախցիկը կամ խոսափողը` փաստացի դառնալով գաղտնալսող, իմանալով հեռախոսի տիրոջ գտնվելու վայրը։ Վարակից ազատվելու ամենահեշտ եղանակը հեռախոսն անջատելն ու նորից միացնելն է, բայց եթե չկան նոր թարմացումներ, որոնք անհայտ են։ Այդ առումով վարակը նույնպես խոցելի է։