Կապիտալի շուկայի միջազգային ConFEAS 2023 համաժողովին մասնակցել է շուրջ 40 խոսնակ
Հայաստանում անցկացված Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: ConFEAS միջազգային հեղինակավոր համաժողովը Երևանում անցկացվել է նոր ձևաչափով և անդրադարձել ոլորտի վերջին զարգացումներին, մարտահրավերներին ու ժամանակակից կապիտալի շուկայի հնարավորություններին:
Իրենց բացման խոսքում Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը շեշտել են, որ Հայաստանում կապիտալի շուկայի աճի խթանումը ռազմավարական նշանակություն ունի: Նրանք կարևորել են հանրային ու մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանեցում կարգավորող մարմնի վարած քաղաքականության և մասնավոր հատվածի նախաձեռնությունների միջև:
ConFEAS համաժողովը նախկինում անցկացվել է Աբու Դաբիում և Բուխարեստում: ԵՖԲՄ գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը նշել է.
Այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր մասնակիցների համար` ձեռք բերելու նոր գիտելիք փորձի փոխանակման միջոցով և հաստատելու նոր ծանոթություններ»:
Պանելային քննարկումներին իրենց փորձով կիսվել են այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների բարձր ներկայացուցիչներ ու փորձագետներ, ինչպիսիք են Bloomberg-ը, EBRD-ն, Ernst & Young-ը, Euronext-ը, Blockstation-ը, Eric Salmon and Partners-ը, Baymarkets-ը, Հունաստանի, Լեհաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Վրաստանի և Հայաստանի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարներն ու ներկայացուցիչները, մասնավոր հատվածից TBC բանկը, SPRING PR ընկերությունը, AICA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը, Team Telecom Armenia-ն և այլն:
Համաժողովի գլխավոր ներդրումային գործընկեր «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն, անդրադառնալով Հայաստանում իրենց գործունեությանը որպես ներդրումային և ֆինթեք ընկերություն, նշել է մի քանի մարտահրավերներ, որոնք փորձում են հաղթահարել էկոհամակարգի այլ դերակատարների ու կարգավորող մարմնի համատեղ ջանքերով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ջանքերն՝ ուղղված ծրագրային նոր լուծումների ներդրմանը: Բացի այդ՝ որպես ընկերություն կարևորում ենք աշխատուժի զարգացումը՝ վերապատրաստման ծրագրերի միջոցով, և կարգավորող մարմնի հետ համագործակցում տեխնոլոգիական արագ զարգացումներին համահունչ քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ասել է Վաչիկ Գևորգյանը:
Համաժողովի ընթացքում շեշտադրվել է էկոհամակարգի զարգացման գործում համատեղ ջանքերի ներդրումը, լավագույն փորձի փոխանակումն ու տարբեր դերակատարների կարողությունների զարգացումը: