Ներսես Շնորհալու բազմաշերտ ժառանգությունը նորովի կարժևորվի նրա մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին
Հայ և օտարազգի անվանի հայագետները, երիտասարդ և ավագ սերնդի հետազոտողները «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովին կանդրադառնան Շնորհալու թողած բազմաբնույթ ու բազմաշերտ մատենագրական ժառանգությանը, համաքրիստոնեական ու համամարդկային գաղափարներին, կգնահատեն ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև նոր չափանիշներ և ուղղություններ կնախանշեն շնորհալիագիտության ասպարեզում:
Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի շրջանակում կազմակերպված գիտաժողովը մեկնարկեց հունիսի 21-ին Մաշտոցյան Մատենադարանում:
Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանի խոսքով՝ Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում, ինչի շնորհիվ միջոցառումներ են անցկացվելու և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: «Անթիլիասում արդեն միջազգային գիտաժողով է անցկացվել, իսկ նոյեմբերին՝ Վատիկանում: Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի են ունենալու Ներսես Շնորհալու երկհատորյակի շնորհանդեսը, գիտաժողով ու համերգ: Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտ է և կատարել է ամենահիմնական գործը և երկու հատորով հրատարակել է Շնորհալու ամբողջ գիտական ժառանգությունը, իսկ այս գիտաժողովի ընթացքում վաթսուն զեկույց կլինի՝ նվիրված Ներսես Շնորհալու կյանքին, գործունեության տարբեր ոլորտներին»,-շեշտեց Մաթևոսյանը:
Նա նշեց՝ Շնորհալին շատ լայնախոս ու բազմաճյուղ գործիչ է եղել ու հիշեցրեց, որ նրա «Թուղթ ընդհանրական»-ը դիմում է հայ ժողովրդի տարբեր շերտերին՝ իշխաններին, զինվորականներին, արհեստավորներին, հոգևորականներին, ճգնավորներին: «Նրա ստեղծագործությունները ժամանակին հրատարակվել են, սակայն գիտաժողովը ևս մեկ առիթ է նրա մասին հիշեցնելու համար: Շնորհալին այն քիչ հայրապետներից մեկն է, որ դասվել է սրբերի շարքում»,-ընդգծեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրն ընթերցեց Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը: Ուղերձում ասվում էր, որ Ներսես Շնորհալին իր լուսավոր ծառայագործությամբ, հավատավոր հոգուց ու երկնաճեմ մտքից բխած աղոթքներով, քարոզներով, պատգամներով ու երգերով ծաղկեցրեց հայոց ազգային հոգևոր կյանքը, բարեզարդեց եկեղեցական անդաստանը: «Նա անգնահատելի ներդրում բերեց հայոց քրիստոնեական ինքնության պահպանմանը, հոգևոր և մշակութային առաջընթացին, հայորդյաց բարեպաշտության ու ազգանվիրումի ամրապնդմանը»,-ասվում էր ուղերձում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գիրը կարդաց Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը: «Շնորհալին իր եզակի ստեղծագործական վաստակով կարևոր ներդրում ունի մեր եկեղեցու աստվածաբանական մտածողության, դավանաբանական կեցվածքի, ծեսի կազմավորման և հայ մատենագրության հարստացման գործում»,-ասվում էր ուղերձում և շեշտվում, որ գիտաժողովը կարող է առիթ հանդիսանալ վերլուծելու Ներսես Շնորհալու յուրահատուկ տեղը հայ մատենագրության և առհասարակ հայ մշակույթի արծաթե դարում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքն ընթերցեց նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Նախարարն ուղերձում ընդգծվում էր, որ տարին լավ առիթ է վերաիմաստավորելու և վերարժևորելու միջնադարի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հանգուցային ներկայացուցչի կյանքն ու գործունեությունը, որը կարևոր նշանակություն է ունեցել մեր ազգային դիմագծի, մշակույթի ու լեզվի ամրապնդման գործում: «Հատկապես ցանկանում եմ ընդգծել Շնորհալու քաղաքական և հասարակական գործունեության կարևորությունը, գործունեություն, որը բացառիկ, որոշ առումներով շրջադարձային նշանակություն է ունեցել ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատման ու արմատավորման համար, դարձել ուղենշային ազգային համախմբվածության, կենտրոնացված պետականության ստեղծման խոսույթի շրջանակում: Այսօր էլ Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ը և «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունները, որոնք մեր միջնադարի լավագույն գրական նմուշներից են, չեն կորցրել իրենց արդիականությունն ու խտացնում են հզոր պետականություն ունենալու հայ ժողովրդի պատմական ազգային իղձերը»,-ասվում էր ողջույնի խոսքում:
Գիտաժողովը, որը նպատակ ունի վերարժևորել և նորովի գնահատել միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) և նրա մատենագրական ժառանգության բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ, անցկացվելու է հունիսի 21-23-ը: