ՔԿԾ պետի տեղակա՞լ, թե՞ «քիլլերների» խմբի ղեկավար. ի՞նչ է կատարվել «Գորիս» ՔԿՀ-ում

Հունիսի 17-ին «Առավոտը» գրել էր, որ խոշտանգել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին:

««Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը գրությամբ տեղեկացրել է, որ հունիսի 13-ին Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ 42-ամյա Գ․ Խ.-ն անգիտակից վիճակում ենթարկվել է բուժզննության։ Կալանավորված անձի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ քերծվածքներ, արյունազեղումներ և վերքեր»,-գրել էր կայքը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

168.am-ի տեղեկություններով՝ «Գորիս» ՔԿՀ-ի կալանավորված անձին ծեծի են ենթարկել ոչ թե ազատազրկված անձինք, ինչը  նույնպես հազվադեպ պատահող երևույթ չէ, այլ Երևանից Գորիս մեկնած խումբը՝ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի տեղակալ Արտակ Առուստամյանի գլխավորությամբ:

Կարդացեք նաև

Թե «Գորիս» ՔԿՀ մեկնելու ի՞նչ շարժառիթ է ունեցել Արտակ Առուստամյանը, էական չէ, սակայն մոտ 25-30 հոգով ՔԿՀ-ում հերթական «մասկի-շոու» կազմակերպելը, մարդուն այնքան ծեծելը, որ անգիտակից վիճակում լինի, որևէ պատճառի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Եվ այսպես, մոտ 3 տասնյակի հասնող ՔԿԾ ծառայողները, որոնց շարքում եղել են նաև ՔԿԾ հատուկ նշանակության ջոկատի ծառայողները, տեռորի են ենթարկել ողջ «Գորիս» ՔԿՀ-ն: Կալանավորված անձին այնքան են ծեծել, որ հրատապ կերպով բժշկի միջամտության կարիք է զգացվել:

Րոպեն մեկ վերասոցիալականացումից, դատապարտյալների ուղղումից խոսող ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի ու նրա տեղակալների ղեկավարած քրեակատարողական համակարգում ազատազրկված անձին փաստորեն վերասոցիալականացնում են դաժան ծեծի միջոցով:

Բնականաբար, Սերգեյ Ատոմյանը տեղյակ է տեղի ունեցածից, եթե, իհարկե, հենց իր ցուցումով չի կատարվել դա: Դեպքից անցել է շուրջ մեկ շաբաթ, մամուլի հրապարակումից էլ՝ օրեր, բայց ՔԿԾ արձագանքը չկա ու չկա: Ողջամիտ կասկած է առաջանում, որ հենց ՔԿԾ պետի ցուցումով էլ Արտակ Առուստամյանը մեկնել է «Գորիս» ՔԿՀ ու խմբի կազմում խոշտանգել կալանավորված անձին:

Հետաքրքիր է՝ իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղյա՞կ է դեպքից, գիտի՞, որ իր ղեկավարած համակարգում ՔԿԾ բարձրաստիճան պաշտոնյան կալանավոր է խոշտանգում կամ անձամբ, կամ իր ցուցումով:

Իսկ գուցե ընկերոջ՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի հետ միասին, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելուց ու քննելուց ազատ ժամանակ այցելի՞ ՔԿՀ-ներ, տեղեկանա՝ ինչ է կատարվում ներսում, թե՞ դեռ շարունակում է վախենալ ՔԿՀ-ներ այցելելուց: Մինչ Գրիգոր Մինասյանը Կարեն Անդրեասյանի հետ զբաղված է դատական համակարգը քանդելով, Սերգեյ Ատոմյանը փաստորեն բարեհաջող ավերում է քրեակատարողական համակարգը:

Շաբաթներ առաջ 168.am-ը գրել էր, որ վիճակը քրեակատարողական համակարգում այն աստիճանի արտառոց դրսևորումներ է ստացել, որ արդեն իրավապահ մարմիններն են «ռեյդեր» իրականացնում ՔԿՀ-ներ: Ավելի ուշ նաև մանրամասներ էինք հայտնել դրանց վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ այդ «այցերից» հետո վատացել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետի առողջական վիճակը, և վերջինս հայտնվել է հիվանդանոցում: Ի դեպ, դատելով հարուցված քրեական վարույթների վերաբերյալ տեղեկություններից, վիճակը հատկապես խնդրահարույց է եղել հենց «Նուբարաշենում», թեպետ «Արմավիրը», իհարկե, ավելի բարվոք վիճակում չէ այդ առումով:

Այնպես որ, ինչպես հասկանում ենք, նախարար Մինասյանը կամ ի վիճակի չէ խառնվել, կամ ցանկություն չունի միջամտել ՔԿԾ ղեկավարության գործունեությանը:Եվ բնական է, որ, օրինակ, «Սևան» ՔԿՀ-ի բակի տաղավարում դատապարտյալների, այդ թվում՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սուրճ խմող Սերգեյ Ատոմյանն էլ, վայելելով Նիկոլ Փաշինյանի «полный проход»-ի ընձեռած հնարավորությունը, անում է՝ինչ ուզում է. այդ դեպքում ինչո՞ւ պիտի նրա տեղակալը խմբի կազմում կալանավոր չխոշտանգի:

Իհարկե, այնքան միամիտ չենք, որ հավատանք՝ ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանը որևէ պատասխանատվություն կկրի իր կատարածի համար: Լավագույն դեպքում 25-30-ից որևէ մեկին կդարձնեն քավության նոխազ: Բայց որ Արտակ Առուստամյանն այս կամ այն կերպ դեմ առ դեմ կհանդիպի իր իրականացրած գործողության ու տված հրամանների հետևանքներին, անկասկած է:

Տեսանյութեր

Լրահոս