«Այն, ինչ տեղի է ունեցել, հարված է ՌԴ-ին. լուրջ անելիքներ ունեն թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարությունը, թե՛ պաշտոնական Մոսկվան». Դավիթ Բաբայան
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ու թեև նրանց փորձը կանխվել էր, ժամեր անց ադրբեջանական կողմը կրակել էր Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահը։
Այս միջադեպից հետո ադրբեջանական կողմն արգելել է հումանիտար օգնության մուտքն Արցախ և այնտեղից բուժառուների տեղափոխումը Հայաստան Լաչինի միջանցքով։
Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպից հետ, սոցիալական ցանցերում օգտատերերը սկսեցին տեսանյութ տարածել և գրել, որ ռուս խաղաղապահներն են օգնել ադրբեջանցիներին, որպեսզի նրանք տեղադրեն դրոշը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այս միջադեպին՝ ասաց, որ դրա վերաբերյալ պետք է ստանան շատ ճշգրիտ տվյալներ, որպեսզի ունենան 100 տոկոսանոց պատկերը։
«Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև սրանից շատ բան է կախված, և մեր գործողությունները, և իրավիճակի ճիշտ պատկերացումը։
Եթե այդ տեսանյութում իսկապես ռուս խաղաղապահներն են, մենք պետք է նախևառաջ հասկանանք՝ նրանք նման գործողությունն արել են, որովհետև ստացել են համապատասխան հրաման իրենց հրամանատարությունի՞ց, այդ խաղաղապահներն ումի՞ց են ստացել համապատասխան կարգադրություն։ Այս հարցերի պատասխանները մենք պետք է իմանանք, որովհետև իսկապես շփվելով, իմանալով տարբեր նրբություններ, բնավորության գծեր և այլն, չի բացառվում, որ ադրբեջանցիները տեղում ռուս խաղաղապահներից որոշներին համոզած լինեն, նրանք էլ չհասկանալով՝ ընդառաջել են։ Բայց սա չի արդարացնում նրանց, պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի խաղաղապահները քաղաքականությամբ չզբաղվեն, իրենք չեն եկել այստեղ, որպեսզի զբաղվեն քաղաքականությամբ։ Այս ամենից հետո լուրջ անելիքներ ունեն թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարությունը, թե՛ իրենց Պաշտպանության նախարարությունը և առհասարակ պաշտոնական Մոսկվան։ Այն, ինչ տեղի է ունեցել, հարված է Ռուսաստանին, նրա անկողմնակալությանը, իսկապես սա խայտառակություն է։ Կրկնում եմ՝ պետք է ամեն ինչ պարզել, ինչու այս ամենը դյուրին կերպով չի կազմակերպվում, ինչու չեն զեկուցում, թե ինչ պետք է անեն։ Այս ամենը բացեր են, որոնք պետք է շտկենք, խոսենք նրանց հետ կոշտ, բայց ազնիվ, որպեսզի նման բաները բացառվեն»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ճշտող հարցին՝ արցախյան կողմը դիմե՞լ է ռուս խաղաղապահներին՝ պարզաբանում ստանալու համար, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ արցախյան կողմը մշտական կապի մեջ է խաղաղապահների հրամանատարության հետ, և իր կարծիքով՝ այս հարցը ևս կպարզաբանվի, ու ճիշտ հետևություններ կարվեն։
«Եթե սա տեխնիկական բաց է, այդ մարդկանց պետք է պատասխանատվության կանչեն, բացատրեն, որ նման քայլերը կարող են ունենալ շատ ծանր և վտանգավոր զարգացումներ, եթե դա վերևից է, հասկանանք, թե ինչ է կատարվում։
Իսկ այն, որ Հայաստանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը՝ ավելի շատ է ազատ արձակել Ադրբեջանի ձեռքերը, սա միանշանակ է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի իրականացրած շրջափակման ու սադրանքների հետևանքով Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, գլոբալ խնդիր է։
«Այս ամենը փաստորեն ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը չի գործում, հազար ու մի խնդիր կա։ Այս ամենը մեկ հարթությունում չի գտնվում, բայց այն, որ իսկապես լուրջ քայլեր է պետք ձեռնարկել՝ միանշանակ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։