Ադրբեջանը վտանգավոր վիճակ է ստեղծում. մեծացնում է պահանջները Հայաստանի նկատմամբ. Համո Սուքիասյան
Հունիսի 15-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են արձակել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորվել է 2 օտարերկրյա աշխատակից։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել նաև Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, իսկ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, ինչը կանխել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմաբան Համո Սուքիասյանը վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմի կիրառած սադրիչ գործողություններն ու ագրեսիան Հայաստանի և Արցախի ուղղությամբ պայմանավորեց հետևյալով.
«Ադրբեջանի նպատակն է՝ թույլ չտալ Հայաստանին շունչ քաշել. Օրինակ, գործարաններ կառուցել սահմանային գյուղերում։ Դրանով բացասական ազդակներ են ցանկանում ուղղել Հայաստանում ներդրումներ անող կամ նման ցանկություն ունեցող ներդրողներին։
Սա Ադրբեջանի նպատակներից մեկն է, հաջորդն այն է, որ այդ երկիրը խաղաղության գնալու ցանկություն չունի. այս տարածաշրջանում նրան պետք չէ խաղաղություն, քանզի հաղթող է, իսկ Հայաստանը՝ որպես պարտված կողմ, չի կարող որևէ հավակնություն ցուցաբերել, ինչն անելու համար Հայաստանին նախ ժամանակ է պետք։ Ադրբեջանը հենց այդ ժամանակը չի տալիս Հայաստանին։ Ադրբեջանը վտանգավոր վիճակ է ստեղծում, մեծացնում է պահանջները Հայաստանի նկատմամբ»,- ասաց պատմաբանը։
Նրա դիտարկմամբ՝ օղակը Հայաստանի շուրջ Ադրբեջանը սեղմում է՝ պահանջելով, մասնավորապես, Հայաստանից 4 անկլավ և ևս 4 սահմանային գյուղ՝ չունենալով, սակայն, դրանց վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում։
«Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չի ներկայացնում. քարտեզն այլ բան է. իմ ասածն իրավական հիմքի մասին է՝ արխիվային փաստաթղթերի մասին, որոնք անկլավների վերաբերյալ ինձ առ այս պահը հայտնի չեն. չի ներկայացնում, բայց պահանջում է, ուստի, ստեղծված վիճակում, Հայաստանի իշխանությունն ասում է՝ ցույց տվեք անկլավների վերաբերյալ փաստեր, եթե չկա, չեք տալիս, հետևաբար՝ առաջարկում է պահպանել եղած ներկա վիճակը»,- ասաց Սուքիասյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ձգտում է խաղալ ներկայիս փաստական վիճակի վրա, քանի որ այս վիճակն իրեն առավելություն է տալիս։
«Մինչդեռ, միակ աշխատած, ստորագրված, Մոսկվայում քննարկում անցած, քարտեզների վրա դետալացված փաստաթղթերը դրանք 1970-ականների փաստաթղթերն են, նաև այդ թվականների քարտեզները, դրա համար է ՀՀ իշխանությունը խոսում այդ թվերի քարտեզի մասին, ինչը կարող է ընդունելի լինել Մոսկվայի համար»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։