Աշխարհաքաղաքական մեծ խաղեր՝ Արցախի շուրջ․ ի՞նչ խոստովանեց Վաշինգտոնը, և ինչո՞ւ Ստեփանակերտը չի վստահում Վաշինգտոնին

Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակի, Ադրբեջանի ռազմական սպառնալիքների ու սադրանքների ֆոնին ուշագրավ տեղեկատվական հոսքերը բացահայտում են այս ամենին զուգահեռ ընթացող դիվանագիտական կուլիսային բանակցությունները։

Ավելի վաղ 168am-ը գրել էր, որ ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը պնդում է․ «ԱՄՆ-ը ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։ «Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակն ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»։

Ըստ «Риа Новостии»-ի զրուցակցի՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է անում Լեռնային Ղարաբաղի «արտգործնախարար» Սերգեյ Ղազարյանի կողմից, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձավ այս հրապարակմանը՝ այն շոկային որակելով և ակնկալելով մեկնաբանություն Միացյալ Նահանգներից։

«Միջնորդն այն կողմն է, որը փորձում է հարմոնիա մտցնել կարգավորման գործընթացում, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել շփման եզրեր։ Ես առաջին անգամն եմ տեսնում նորագույն պատմության ընթացքում տեղեկատվություն այն մասին, որ երկիր, որը հավակնում է միջնորդի դերին, սպառնում է կարգավորման մասնակցին ուժի կիրառմամբ իր միջնորդական դերակատարության իրականացման համար։ Այսինքն՝ ուժով, սպառնալիքով և շանտաժով ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնորդներն իրենց ուղեղում իրենց համար գծագրել են։ Ես իսկապես նման բան չեմ տեսել։ Պետք է խոսքը փոխանցել ԱՄՆ-ին»,- ասել էր Զախարովան։

Առաջին հայացքից այս հրապարակումն ու դրան ՌԴ դիվանագիտական գերատեսչության նմանատիպ արձագանքը լիովին տեղավորվում էր Հարավային Կովկասում ՌԴ-Արևմուտք աննախադեպ մրցակցության, միմյանց, որպես միջնորդ, հեղինակազրկելու արտաքին միջնորդների քաղաքականության շրջանակում, թույլ տալով ենթադրել, որ այս հրապարակումը լիովին ապատեղեկատվություն է։

Սակայն առավել ուշագրավ էր ամերիկյան կողմի պարզաբանումը, որն ըստ էության իր արձագանքով հաստատեց, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարցում ԱՄՆ միջամտություն եղել է։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել էր ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ստիպում է համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Իհարկե, սա չի հաստատում, թե ամերիկյան կողմն ուղիղ ճնշումներ է բանեցրել, սպառնալիքներ ու շանտաժ հնչեցրել, թեև դիվանագիտական բառապաշարը կարող է շատ ճկուն լինել, բայց սա հաստատում է, որ Վաշինգտոնը, ինչպես և ՀՀ իշխանությունները քարոզում են երկխոսություն Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Սակայն, թե ինչպիսի՞ երկխոսություն, ի՞նչ պայմանների շուրջ, ի՞նչ խնդիրներ է արցախցիների համար լուծելու այս երկխոսությունը, երբ Վաշինգտոնը ողջունում է արցախահայերին ուղղված Ալիևի վերջնագրերը։ Սա, թերևս ամենակարևոր հարցն է։

Վաշինգտոնի դիրքորոշումները հասկանալու և Վաշինգտոնին չվստահելու հարցում էական հանգրվան էր վերջերս ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը, որով վերջինս ողջունել էր Ալիևի սպառնալից հայտարարություններն արցախահայության հասցեին։ Մայիսի 28-ին դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդել էր.

«Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք՝ ուր պետք է։ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»:

Ըստ Ալիևի, միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ։ Փոխարենը այս հայտարարությունն արժանանար Պետդեպարտամենտի քննադատությանը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարությամբ էր հանդես եկել, ողջունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։ Սրան նույնիսկ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ-ն, կոչ անելով Միացյալ Նահանգներին, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, համարժեք արձագանքել այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Վաշինգտոնը չի արել որևէ հայտարարություն կամ քայլ, որը թույլ կտար ԼՂ բնակիչներին վստահել Վաշինգտոնի միջնորդությանը՝ համաձայնելով Վաշինգտոնի ներկայացուցչի ներկայությամբ Բաքվի հետ բանակցությունների։

Ըստ նրա, Վաշինգտոնը ստանձնել է ակտիվ միջնորդական ջանքեր, այսինքն՝ պատասխանատվություն, սակայն միջանցքի փակումը դատապարտելուց բացի, ավելիին չի կարողացել հասնել կամ չի ցանկացել, բոլոր սլաքներն ուղղելով Ռուսաստանին կամ դա անելով այն դեպքում, երբ դա իրեն հարկավոր է։

«Բայց ներկայումս Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքերը տեղին չէ համեմատելը։ Շատերը կասեն, որ ՌԴ-ն իր խնդիրը չի կատարել, Մոսկվան ևս չի բացել միջանցքը, սակայն ռուսական կողմը ստանձնել է պատասխանատվություն բնակչության անվտանգության համար և այն փորձել է ապահովել այն համաձայնությունների շրջանակում, որոնք ստացել է Երևանից ու Բաքվից։ Այս ամենի հետ մեկտեղ՝ կա նաև պատերազմ, որում ՌԴ-ն առաջին դերակատար է, իսկ այսօր՝ նաև հակագրոհի թիրախում, բավականին բարդ և բազմաշերտ աշխարհաքաղաքական միջավայրում, փորձելով խուսափել հետսովետական այլ գոտիներում ցնցումներից։ Արևմուտքը փաստորեն փորձում է ռեգիոնին ավելի որակյալ ծառայություններ մատուցել, ավելի լավ և կայուն անվտանգություն, սակայն, ինչպես տեսնում ենք, դա չկա։

Չնայած շատ ծանր իրավիճակին, որում հայտնվել են ԼՂ բնակիչները, և չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ԼՂ-ում ապրող բնակչությունը դեմ է ինտեգրացիային։ Իսկ ԱՄՆ-ը այդ ճանապարհով է ցանկանում տանել գործընթացը»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, այս դիպվածը ցույց է տալիս նաև, որ չկա այս հարցում Վաշինգտոն-Մոսկվա համագործակցություն, առանց որի անհնար է որևէ առաջընթաց այդ ուղղությամբ։ «Վաշինգտոնն առանց Մոսկվայի չի կարող նմանատիպ որևէ երկխոսություն կազմակերպել։ Եթե հիշում եք, մի քանի անգամ խաղաղապահների միջնորդությամբ որոշ հարցեր քննարկվել են Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Այս հարցում անտեսել Մոսկվային՝ նշանակում է չհասկանալ, որ գործընթացը կտապալվի։ Իսկ Վաշինգտոնը, բնականաբար, չի ցանկանա համագործակցել, դա ևս ակնհայտ է։ Այս տարաձայնությունների համախմբի արդյունքում էլ իրավիճակը ռեգիոնում սրվում է, քանի որ հեշտ լուծումներ չկան, լարվածությունը բազմամակարդակ է՝ և կողմերի, և միջնորդների միջև, հաղթահարման ուղիներ չկան, ուստի Ադրբեջանը շտապելով՝ իր համար ամենահեշտ ուժային ճանապարհով է փորձում գնալ։ Եվ, բնականաբար, միջնորդներն այս ամենին անդրադառնում են, քննադատում են ընտրողաբար, հաշվի առնելով, թե այդ ուժային սցենարը նաև իրենց համար ինչ հարց է լուծում։ Այս դեպքում ակնհայտ է, թե ինչ հարց, որը կարող է ձեռնտու լինել Արևմուտքին։ Հենց այդ պատճառով էլ ռուսական կողմն այս բացահայտումներն անում է»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս