Խաղաղությունը պետք է ներառի Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. ԱՄՆ դեսպանատան արձագանքը. «Ազատություն»

Միացյալ Նահանգները հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը, «Ազատությանը» փոխանցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան», – հավելել են դեսպանատնից՝ այսկերպ արձագանքելով ռուսական մամուլի հրապարակումներին ու դրանց վերաբերյալ Մոսկվայի հայտարարությանը։

Ըստ ռուսական մամուլում հայտնված տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար, այդ թվում՝ ուժի գործադրման սպառնալիքի միջոցով։ Պետական ՏԱՍՍ գործակալությանն էլ Ռուսաստանի արտգործնախարարությունից հաղորդել էին, որ Մոսկվային անհանգստացնում են այդ հրապարակումները։

«Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հարկադրում է համաձայնել մոտ ապագայում երրորդ երկրում հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացիների հովանու ներքո։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե ծանոթ է այդ թեմայով հրապարակումներին՝ հավելելով, որ եթե փաստերը հաստատվեն, ամերիկյան կողմը պարտավոր է պարզաբանում տալ։

Տեսանյութեր

Լրահոս