Վայելում ենք խաղաղասիրության պտուղները. Ինչի՞ց սկսվեց Երասխի սրացումը
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացել են Երասխի ուղղությամբ։ Հիմնական թիրախը Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանն է, չնայած կրակում են նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ամեն ինչ սկսվեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մի քանի օր առաջ արած ֆեյսբուքյան գրառումից։
Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նա դեմ առավ պատին, երբ պատգամավորներից մեկը հարց բարձրացրեց, թե անցած տարի 100-ից ավելի աշխատող ունեցող քանի՞ արտադրական ձեռնարկություն է բացվել Հայաստանում։ Պարզվեց՝ դրանք ընդամենը մեկ-երկուսն են։ Խոստովանենք, որ մեկ տարում մեկ-երկու նման ձեռնարկություն բացելը շատ քիչ է, այն էլ՝ երկնիշ տնտեսական աճերի պարագայում։
Որպեսզի իր հայտարարության ծանր տպավորությունները փարատեր, Քերոբյանը շտապել էր ֆեյսբուքյան գրառումով բացահայտել, որ Երասխում խոշոր մետալուրգիական գործարան է կառուցվում։
«Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից,- գրել էր էկոնոմիկայի նախարարը՝ միաժամանակ որոշ մանրամասներ հայտնելով գործարանի մասին,- Արտադրամասը 30 մետր բարձրությամբ ու 16,500 քառակուսի մետր մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180 հազար տոննա արտադրանք։
Արդեն աշխատում է 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000-ը»։
Նրա այս գրառումից հետո, Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները խափանելու, գուցե նաև այլ նպատակներով՝ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հերթական կեղծ ահազանգը հնչեցրեց, այնպես, ինչպես ժամանակին արեց Արցախի պարագայում, և բնապահպանական անհանգստությունների քողի տակ փակեց Լաչինի միջանցը։
Հետո տեսանք, թե դա ինչով ավարտվեց. Լաչինի միջանցքում հայտնվեց ադրբեջանական անցակետը։
Եթե այն ժամանակ բնապահպանական քողարկումներով Ադրբեջանը պահանջներ էր ներկայացնում Արցախին, հիմա անցել է Հայաստանին։
Հայտարարում են, թե իբր Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց շրջակա միջավայրին։
Իհարկե, անմտություն է այս պահին վնասների մասին խոսելը, երբ գործարանը նոր է կառուցվում, բայց դա այն է, ինչ Ադրբեջանն անում է՝ ի պատասխան Հայաստանի իշխանությունների խաղաղասիրական ձգտումների ու պատրաստակամ զիջումների։ Այնքան համարձակություն չունեցան պետական մակարդակով պատասխանելու ադրբեջանական սադրանքներին, որ դրանց արձագանքեց թիրախում հայտնված գործարանի սեփականատեր ընկերությունը, որը, ինչպես պարզվեց, պատկանում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսային և Միացյալ Նահանգների քաղաքացի հնդիկ գործարարին։
Ընկերությունն իր հայտարարությամբ փաստեց, որ մտադիր չէ տուրք տալ Ադրբեջանի պահանջներին և շարունակելու է իրականացնել նախագիծը։
«Այսօր մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը՝ Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։
Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ հայտարարությունը՝ այնուամենայնիվ, օգտվելով հայաստանյան հասարակությանը մեր նախագծի մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից և ելնելով թափանցիկ ու հաշվետու գործունեություն իրականացնելու սեփական հանձնառությունից, «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնում է հետևյալը․
Կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է ներպետական իրավասու մարմնին՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։
Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։
Նշենք նաև, որ մետաղաձուլարանը չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում»,- ասված էր Երասխում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայտարարության մեջ։
Այս հայտարարությանն էլ հաջորդեցին ադրբեջանական կողմի սադրանքներն ու տարբեր տրամաչափի զենքերից թիրախային կրակոցները գործարանի ուղղությամբ։ Դրանք ուղեկցվեցին նյութական կորուստներով։
Ադրբեջանի զինուժի կրակոցների հետևանքով վիրավորում ստացան նաև գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիները։
Այս փաստը ևս մեկ անգամ վկայեց, որ Հայաստանի իշխանությունների թուլության հետևանքով՝ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ կարող է ոչ միայն իրեն թույլ տալ պահանջելու դադարեցնել Հայաստանի սուվերեն տարածքում կառուցվող գործարանի շինարարությունը, այլև ուղղակիորեն խոչընդոտում է դրա իրականացման աշխատանքներին։
Նշենք, որ գործարանի շինարարությունն այս պահին դադարեցված է։
Հասկանալի է, որ թիրախային կրակոցներն ու լարվածության ստեղծումն Ադրբեջանի ղեկավարության կողմից իջեցված ուղիղ հրահանգ է զինված ուժերին, որի նպատակը, անշուշտ, ոչ միայն գործարանի շինարարության կասեցումն ու ծրագրի խափանումն է, սահմանային ևս մեկ հատվածում լարվածության ստեղծումը, այլ Հայաստանի իշխանություններին իր կամքը պարտադրելը։ Վայելում ենք Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի իրականացրած պարտվողական ու զիջողական քաղաքականության դառը պտուղները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ