Իրկուտսկի մարզում 11 մարդ հոսպիտալացվել է շաուրմայից թունավորման հետևանքով
ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի սրճարանում թունավորվելուց հետո 10 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, հոսպիտալացվել է: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։
«Զանգվածային թունավորում Բրատսկում: 10 մարդ է հոսպիտալացվել սրճարան այցելելուց հետո: Նրանցից հինգը երեխաներ են, նրանք այժմ գտնվում են Բրատսկի մանկական կլինիկական հիվանդանոցում։ Հինգ մեծահասակներ բուժվում են թիվ 5 հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում։ Բժշկական օգնության կարիք ունեցողների թիվը ճշտվում է», – գրել է Կոբզևն իր պաշտոնական Telegram ալիքում։
Մարզի ղեկավարի խոսքով՝ շտապօգնության առաջին կանչն ստացվել է հունիսի 13-ի առավոտյան, ավելի ուշ օրվա ընթացքում ստացվել է մեկ տասնյակից ավելի կանչ։ Բուժօգնության դիմողների մի մասն ամբուլատոր բուժում է ստանում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոսպիտալացվածների թիվը հասել է 11-ի։ Թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Իրկուտսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 13-14-ը Բրատսկի բուժհաստատություններ է դիմել ավելի քան 35 մարդ՝ «Շաուրմա եմ ցանկանում» արագ սննդի սրճարանում շաուրմա ուտելուց հետո ինքնազգացողության վատացման գանգատներով: Այս պահի դրությամբ «աղիքային սուր վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացված է 11 հոգի, որոնց թվում՝ 5 դեռահաս երեխա», – նշված է հաղորդագրությունում:
ՌԴ Քննչական կոմիտեի Իրկուտսկի մարզի քննչական վարչության Բրատսկ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքների արտադրություն, պահում, իրացում):