«Ալենի համախտանիշ» կամ այլանդակության ինդուլգենցիա․ Փաշինյանը թքում ու ծխախոտ է հանգցնում քաղաքացու դեմքին

«Պաշտպանյալս որևէ հակաիրավական վարքագիծ չի դրսևորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ենթարկվել դաժան ծեծի և խոշտանգման: Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել և պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- այս հայտարարությունը ոչ թե աֆրիկյան կամ արևելյան որևէ հետամնաց երկրի առօրյայի մասին է, այլ հատված է «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ոստիկանության բաժնում նախօրեին ծեծի ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպան Մարիամ Աբրահամյանի ասուլիսից:

Այս հայտարարությունն ու դրան հետևած լռությունը նաև ներկայիս Հայաստանի պատեհապաշտության մասին է։ «Նախկին» Հայաստանում նման այլանդակությունից հետո Երևանի փողոցները կփակվեին ամենատարբեր սեռի ու բազմագույն մազածածկույթով իրավապաշտպանների կողմից, նրանք ինքնահրկիզման ակցիաներ կանեին Ոստիկանության ու Կառավարության շենքերի առջև, «Ոչ լեգիտիմ իշխանությունը ծնում է ոստիկանական անպատժելիություն», «Վե՛րջ բեսպրեդելին», «Հայաստանն ազատագրենք ոստիկանական համազգեստով ենիչերիներից» և այլ զգայացունց բովանդակությամբ պաստառներ կպարզեին։ Բայց հիմա Հայաստանի քաղաքացիական հասարակությունն այլ դարդ ունի, նրա ներկայացուցիչներին մտահոգում է թմրաորջերի վերածված Երևանի տարբեր ակումբներում ոստիկանության իրականացրած գործողությունների քնքշությունն ու հեզությունը, այդ մասին ելույթներ են հնչում Ազգային ժողովում։

Իրավապաշտպաններն այլևս չեն զբաղվում իշխանության այլասերվածության ու տարբեր երևույթների միջև պատճառահետևանքային կապերի որոնմամբ ու վերհանմամբ։ Դրանով զբաղվելու դեպքում նրանք վստահաբար կարձանագրեին, որ ոստիկանը բաժանմունքում քաղաքացու դեմքին ծխախոտ է հանգցնում, որովհետև տեսնում է, որ իր երկրի բարձրաստիճան պաշտոնյան փողոցում թքում է մեկ այլ քաղաքացու երեսին ու որևէ պատասխանատվություն չի կրում։ Նույն ոստիկանի այլանդակման պատճառների թվում, վստահաբար, դեր են խաղում նաև նրա տեղեկություններն այն մասին, որ իր երկրի ղեկավարի ավտոշարասյունը սպանում է հղի կնոջը, ու գոնե մեքենայի վարորդը որևէ պատիժ չի կրում, հետևաբար՝ նա կարող է իրեն թույլ տալ ծեծել նաև օրենքով պաշտպանված փաստաբանին։

Հայաստանում օրեցօր ահագնացող այլասերումն ունի խորը պատճառահետևանքային կապեր, և մոլորություն է դրանց քննարկումը՝ սոսկ որպես տեղային իրադարձություններ։ Երկրում ձևավորվել է բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որն իշխանությանը մատուցած ծառայությունն ուղիղ կորելացիայի մեջ է դնում այլանդակության ինդուլգենցիայի հետ։ Ավելի լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանն է թքում ու ծխախոտ հանգցնում քաղաքացու դեմքին։

Կարդացեք նաև

Այն տեխնիկական տարբերությամբ, որ դա անում է Ալեն Սիմոնյանի, սեփական վարորդի, պետական ոստիկանի ու այլանդակության պատրաստ այլ պերսոնաժների միջոցով, որոնց անուններն ու ազգանունները որևէ նշանակություն չունեն և կարող են ընդհանրացվել «Ալենի համախտանիշ» հավաքական բնորոշմամբ։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս