Խուժանապետը

«Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով»,- անցած շաբաթ Եվրասիական կոնգրեսում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հասկանալի է, որ սա սոսկ արարողակարգային նպատակներով հնչած միտք է, և, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը ներքուստ լավ ծիծաղել է իրեն ունկնդրողների վրա՝ հատկապես այն պահին, երբ արտաբերել է «էթիկա» բառը։

Արհեստական բանականության ներդրման էթիկական խնդիրները ժամանակակից աշխարհի ամենաարդիական հիմնահարցերից են, որոնցով մտահոգ է մարդկության առաջադեմ հատվածը։ Բայց այդ հիմնախնդրով զբաղվում ու դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր գոնե իրենց բնական բանականության իրացման ժամանակ պահպանում են էթիկայի տարրական կանոնները։

Քաղաքական գործիչների ու պետական պաշտոնյաների դեպքում դա վերաբերում է առաջին հերթին՝ քաղաքական էթիկային։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն չի պահպանել քաղաքական էթիկայի նվազագույն կանոնները, այլև հանդես է եկել՝ որպես քաղաքական հակաէթիկա գեներացնող ու մարմնավորող։ Նիկոլ Փաշինյանին են պատկանում քաղաքական հակաէթիկայի ու հակաէսթետիկայի բազմաթիվ «մոնումենտալ» դրսևորումներ։ «Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ․․․ Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք և լիզելու եք: Այսօր էլ եք վազում, եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչև կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր․․․

Կարդացեք նաև

Երկրի բարձրագույն պաշտոնյաները, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում այստեղ-այնտեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների, ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել․․․ Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»։

Սա հատված էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկից։ Դրանից առաջ նա արդեն իսկ հասցրել էր քաղաքական խոսույթ ներմուծել «դուրսպրծուկներ» արտահայտության մեկ այլ մոդիֆիկացիա՝ «շնաբարո դուրսպրծուկներ» մակդիրով խոսելով դատավորների մասին, ովքեր, ըստ նրա մեկ այլ գնահատականի՝ «վնգստում են պատերի տակ»։ Իսկ ժողովրդի թշնամիներին «ասֆալտին փռելու» ու «պատերին ծեփելու» փաշինյանական խոստումները ժամանակին դարձել էին քաղաքական օրակարգի անբաժանելի մասը։

«Մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ»,- սա էլ մեջբերում է երկրի բարձրագույն՝ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթից։
Վերջին 5 տարիներին Նիկոլ Փաշինյանի կողմից արձանագրած  հակաէթիկական ու հակաէսթետիկական քայլերի, հայտարարությունների օրինակները կարելի է անվերջ շարունակել, դրանով պատկերն ընդամենն ավելի ողբերգական կդառնա։ Ընդ որում, խնդիրը ոչ միայն այն է, որ երկիրը ղեկավարում է  նման բառամթերքով մարդը։

Բառերն ու արտահայտություններն անձի լեզվամտածողության դրսևորումներն են, որոնք ցույց են տալիս, որ նա ոչ միայն արտաբերում է հակաէթիկական խոսքեր, այլ մտածում ու գործում է դրանց հանգույն։ Ու պատահական չէ, որ նման մեկի ղեկավարած իշխանության երկրորդ դեմքը թքում է քաղաքացու երեսին, սեփական վարորդը՝ սպանում է հղի կնոջը, ոստիկաններն էլ «ասֆալտին են փռում» զոհվածների մայրերին։ Այսպիսի մտածողություն ունեցող մարդն այդպիսին է դարձնում նաև իր ղեկավարած երկիրը, որն ամեն օրվա հետ վերածվում է  ԽՈՒԺԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ։

Հայաստանը ներկայիս աղետալի իրավիճակից կարող է դուրս գալ միայն այն ժամանակ, երբ քաղաքականությունը կդառնա իսկապես էթիկական, իսկ քաղաքական հակաէսթետիզմի կրողները հայտնվեն այնտեղ, որտեղ նորմալ հասարակություններն ուղարկում են խուժաններին։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, էթիկայի ու էսթետիկայի գենետիկ թշնամիները զանազան ժողովներում ճամարտակելու են արհեստական բանականության մասին՝ մի ամբողջ երկիր պատանդ դարձնելով բնական բանականության խեղմանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս