Պետք է հասնել հանրության իրազեկմանն ու մոբիլիզացիային. Ձյունիկ Աղաջանյան
«Խիստ էական է այս գործընթացի շրջանակներում հանրության իրազեկման և մոբիլիզացիայի հասնելու հարցը, քանի որ մեր հանրության 90 տոկոսից ավելին միանշանակորեն դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն: Եվ սա մի գործիք է, որով կարող է հանրային կարծիքն արձանագրած ձևով կանխարգելիչ դառնալ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին այդ ուղղությամբ,- ԿԸՀ-ի բակում «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալով՝ նշեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ապա անդրադառնալով հարցին, թե՝ ինչպիսի՞ այլ մեխանիզմներ եք դիտարկում այս պահին կոնկրետ Արցախի ապաշրջափակման հարցով, պատասխանեց,- Արցախահայության շրջափակումը վերացնելու իրավական մեխանիզմներից մեկը կարող էր լինել իշխանությունների կողմից Միջազգային արդարադատության դատարանի հարցի բարձրացումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և բանաձևի ընդունումը, որը պարտադիր է անդամ պետությունների համար: Սակայն, ինչպես տեսնում եք, մեր իշխանություններն այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկում: Մնացած գործընթացներն ավելի քաղաքական բնույթ են կրում»:
Ճշգրտմանը՝ արդյոք իշխանությունների կողմից հիշյալ քայլերի հարցում հապաղումը քաղաքական կամքի բացակայությո՞ւն է, թե՞ պրոֆեսիոնալիզմի, նա պատասխանեց.
«Պրոֆեսիոնալիզմն այստեղ որևէ դերակատարում չունի, որովհետև ԱԳՆ-ում կան պրոֆեսիոնալ կադրեր, նաև ունենք բավականին լավ պատրաստված միջազգային իրավունքի մասնագետներ. այստեղ խնդիրն ավելի տրամադրվածության և քաղաքական կամքի ոչ միայն բացակայության, այլև դրան հակառակ գործողությունների իրականացման մեջ է»:
Մանրամասները՝ տեսանյութում