Ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից. Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը գրում է. «Ինչու՞, ինչքա՞ն, ի՞նչ գնով է Ադրբեջանը խուսափելու Վաշինգտոնի բանակցություններից

Նորից հոդված տարածաշրջանային իրավիճակի մասին՝ կարդալը խորհելու լավագույն տարբերակ համարողների համար։ Եվ ուրեմն, Հայաստանը համաձայնել էր, իսկ Ադրբեջանը խնդրեց հետաձգել ԱԳ նախարարների հունիսի 12-ի հանդիպումը Վաշինգտոնում։ Նախորդ հանդիպմանը կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել էին, համապատասխանաբար 29800 և 86600ք/կմ, ներառյալ Արցախը։ Այս փուլում բանակցային թեման Արցախում բնակվող էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների ճանապարհային քարտեզին և քայլերին էր վերաբերելու, որը, իմ համոզմամբ, շատ չէր տարբերվելու կոսովյան խաղաղապահ առաքելության տեղակայման տարբերակից։

Այդպիսի կոնֆլիկտների հարթումը սկսվում է տարածքի ապառազմականացումից, որի մասին վերջերս ակնարկներով խոսում են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ները։ Այդ թեմայի քննարկումը, բնականաբար, չի բխում ՌԴ շահերից, որովհետև միջազգային խաղաղապահների մուտքը տարածաշրջան, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը կնշանակի ՌԴ ամբողջական դուրսմղում Հարավային Կովկասից։

Այլևս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգային համակարգերում ՌԴ-ն զրկված կլինի ազդեցության լծակներից։ Միջազգային խաղաղապահների խնդիրը վիճահարույց է նաև Ադրբեջանի համար։ 2025-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են և 10-15 տարի ժամկետով միջազգային խաղաղապահների ներկայությունը ու Արցախի էթնիկ հայ բնակչության իրավունքների քննարկումը լուրջ խնդիրներ կառաջացնեն Բաքվի սուլթանի վերընտրության առումով։ Միևնույն ժամանակ՝ վաշինգտոնյան բանակցություններից երկար խուսափել չի ստացվելու, և Ադրբեջանը բարդ ընտրության առջև է՝ ընդառաջ գնա՞լ նոր աշխարհակարգի պահանջներին, որ անբեկանելի է դարձրել ռուս-ուկրաինական պատերազմը, թե՞ տեղավորվել ռուսական ռազմանավում, որի ուղեծիրը պատերազմի առաջին օրը նշեցին և որին միացավ քաղաքակիրթ աշխարհը։ Հայաստանը շատ ցավոտ, բայց իր քայլը արել է, ու գնդակը Ադրբեջանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դաշտում է։ Համոզված եմ, որ Ադրբեջանը և ՌԴ-ն ուղիղ զգուշացվել են, որ նոր ագրեսիայի հրահրումը կբերի Արցախի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման՝ ածանցյալ բոլոր հետևանքներով: Ակնհայտ է նաև, որ 2020-ի պատերազմից հետո Մեղրու միջանցքի խնդիրն ուժով չլուծվեց միմիայն Արցախի ճանաչման հեռանկարից և պատժամիջոցների կիրառումից վախենալով։

Հայաստանը համաձայնեց շատ ցավոտ քայլի, որովհետև մեր ռազմավարական դաշնակիցը խնդրի լուծման մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակի կողմնակից է, նոր դաշնակիցները, որ իզորու են ազդել Ադրբեջանի վրա և վերականգնել մեր ռազմական բալանսը, խնդիրների լուծման այդպիսի տարբերակ են կիրառել բազում տեղերում և, բարեբախտաբար, արդյունքները վատը չեն։

ՀՀ-ին ևս 3-5 տարի երաշխավորված խաղաղություն է պետք, համոզված եմ, որ դրանից հետո սահմանային ընդհարումներից ու անկայունությունից բողոքելու է Ադրբեջանը։ ՌԴ-ն մեծ հաշվով պարտվում է և պարտվելու է իր սկսած պատերազմում, Պուտինից հետո հերթը հասնելու է այլ բռնապետների: Ադրբեջանը դա հաշվի չառնել չի կարող։ Վստահ եմ, որ Հաագայի դատարանի որոշումը միանշանակ ի կատար է ածվելու, իսկ ձգձգումը թանկ է նստելու ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Հեյդար Ալիևի հիշատակի վրա։ 3+3 ձևաչափի ծրագրերով տարածաշրջանից Արևմուտքին դուրս մղել փորձող բոլոր լիդերները չեն ներվելու և պատժվելու են։

Հ.Գ. Երանի արդարներին, նրանք Աստծո աջակցությունն են ունենալու։

Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

Խնդիրը ժամանակն է ու ժամանակի նպատակային օգտագործումը»:

Տեսանյութեր

Լրահոս