«Մինչև դանակը ոսկորին չի հասնում, տեղից չեն շարժվում՝ պետք է ժամանակից մեկ քայլ առաջ անենք». Արմեն Բաղդասարյան
Արդեն 7 ամիս է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ չնայած այս տոտալ շրջափակմանն ու հնչող հայտարարություններին, թե՝ վերջ, Արցախն արդեն Ադրբեջանինն է, միևնույն է՝ արցախահայությունը իրավիճակից դուրս գալու տարբեր ծրագրեր ու տարբերակներ է քննարկում, քանի որ իրեն երբեք չի տեսնում Ադրբեջանի կազմում։
«Այսօր կարծում եմ՝ բոլորին էլ հետաքրքիր է, թե արցախցին ինչպե՞ս է տրամադրված այն ամենին, ինչ տեղի է ունենում, և առհասարակ միջոցառումների ի՞նչ շարք է նախատեսում իրականացնել, կամ ի՞նչ տեսլական ունի։
Այստեղ մենք ունենք տարբեր շարժումներ, և չի բացառվում, որ մի օր դրանք տան իրենց արդյունքը։ Ինքս էլ իմ հերթին՝ որևէ կաշկանդվածություն չունեմ, չեմ զբաղեցնում որևէ պետական պաշտոն, հետևաբար՝ փորձում եմ տարբեր տեղեկատվական բնույթի արշավներ իրականացնել, թեկուզ հենց սոցիալական ցանցերն օգտագործելով։ Հավատացեք, ամեն հնարավոր միջոց պետք է օգտագործվի՝ քարոզչական նպատակով, քանի որ մենք Արցախում շատ լավ ենք պատկերացնում իրավիճակը և դրա հետևանքները»,- նշեց փաստաբանը։
Նրա կարծիքով, աշխարհաքաղաքական իրադարձություններն ու զարգացումները հաշվի առնելով և այդ համատեքստում դիտարկելով Արցախի շրջափակումը՝ լավ կլիներ, որպեսզի հայ ազգը լավ պատկերացներ իրավիճակի լրջությունը, քանի որ այդ ամենը միայն Արցախին չեն վերաբերում։
«Կարծում եմ՝ մենք պետք է ժամանակից մեկ քայլ առաջ անենք և առաջ շարժվենք այն տեսլականով, որը բոլորս ենք կիսում՝ ազատ, անկախ Արցախում ապրելու տեսլականը, հակառակ դեպքում վերջաբանը մեզ համար լավ ելքով չի լինելու։
Հավատացեք, մեկ քայլ առաջ անելու համար մենք ունենք բոլոր ռեսուրսները, ունենք իրավագիտակից հասարակություն, որին պետք է մեկ տեղ հավաքել։ Բայց ցավալին այն է, որ Արցախում այսպես է՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում, տեղից չեն շարժվում, ես դրա համար եմ ասում, որ ժամանակից մեկ քայլ առաջ պետք է անենք։ Հիմա սահմանափակվել է արցախցու ազատ տեղաշարժվելու իրավունքը, սա հակասում է միջազգային բոլոր նորմերին, միայն սրա համար պետք է մենք անենք այդ քայլը»,- շեշտեց Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ ադրբեջանական կողմը փորձի սեղմել օղակն Արցախի շուրջ՝ արցախցին չի համակերպվի, մեկ րոպե անգամ չի ենթարկվելու Ադրբեջանին։
«Այնպես որ, միջազգային հանրությունը չի գալու ու մեր հարցերը լուծի, այս հարցը լուծելու են իմ ու ձեր նման հայերը, ինչպես միշտ է եղել, միայն դրանից հետո մենք կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,- եզրափակեց փաստաբան Արմեն Բաղդասարյանը։