Նիկոլ Փաշինյանի ակցիան՝ կառավարության շենքի առաջ
«Մահակներով, քարերով պաշտպանելու ենք մեր սեփականությունը»։ Սա մեջբերում է ոչ թե հանուն Արցախի կամ Հայաստանի Հանրապետության պետականության պաշտպանության կազմակերպված որևէ միջոցառումից, այլ Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի՝ իրենց նկատմամբ ոչ արդար վերաբերմունքի պատճառով բողոքող քաղաքացիներից մեկի հարցազրույցից։ Այս նախադասության մեջ խտացված է Հայաստանի, հայկական իրականության խորքային խնդիրների ողջ ներկապնակը։
Սա նախադասություն է քաղաքացու ու պետության, քաղաքացու ու հայրենիքի հետ հարաբերությունների մասին։
Խնդիրը, իհարկե, ոչ թե առանձին քաղաքացու էմոցիոնալ հայտարարությունն է, այլ այն, որ դա հասարակության առնվազն զգալի հատվածում գերիշխող մտածողության արտահայտությունն է։ Մարդկանց մեծ մասը պատրաստ է «մահակներով, քարերով» պաշտպանել այն, ինչն իրեն է պատկանում, և նույնքան անտարբեր է կրկին որպես քաղաքացի իրեն ոչ թե անհատապես, այլ հավաքականորեն պատկանող պետության, հայրենիքի հետ կատարվողի նկատմամբ։
Ի թիվս այլ գործոնների, նաև սրանով է պայմանավորված իրողությունը, որ մարդիկ անհաղորդ են ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի տարածքային ամբողջականության կազմակերպվող որևէ միջոցառման, բայց պատրաստ են ամենաագրեսիվ միջոցներով պայքարել իրենց մի քանի քառակուսի մետր տարածքի համար։
Խնդիրն ամենևին այն չէ, որ նրանք չպետք է պայքարեն առանձին, տեղական անարդարությունների դեմ, հատկապես որ, մեծ հավանականությամբ, իսկապես մարդկանց հետ անարդար են վարվում։ Պարզապես, երբ այդ նույն մարդիկ որևէ կերպ չեն ապրումակցում Արցախում արդեն վեց ամիս շրջափակման մեջ գտնվող իրենց ազգակիցներին կամ ադրբեջանական դիրքերի առաջ հայտնված սահմանամերձ գյուղերի բնակիչներին, պետք է պատրաստ լինեն, որ ոչ միայն իրենց կարեկցող ու աջակցող չի լինելու, այլ նաև, որ իրենք ևս դառնալու են նույն իշխանության զոհը, որն առանց աչք թարթելու՝ հանձնում է Արցախը և պատրաստվում է հանձնել հայկական մի շարք բնակավայրեր։
Մտածողության, աշխարհայացքի այս կերպը՝ կյանքի խիստ անհատականացումը ու օտարումը հավաքական, համընդհանուր արժեքներից, որպիսին պետությունն ու հայրենիքն են, նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ու քարոզչության հետևանքն է։
Ավելին՝ ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը՝ որպես անձ, անհատ, նույնպիսի մտածողության ու արժեհամակարգի կրող է, ինչպես «մահակներով ու քարերով» պայքարի պատրաստ բնակիչները, որոնց այդ բնազդն արթնանում է միայն այն դեպքում, երբ վտանգի տակ է հայտնվում իրենց «սեփականության վկայականով» պատկանողը։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լինելիությունը հասցրել է «կադաստրի վկայականի» մակարդակի։
Դա նաև սեփականության, պատկանելության նրա ընկալումների, չափանիշների արտահայտությունն է, հայրենիքը բյուրոկրատական թղթաբանության առարկայի վերածելու մոլուցքի դրդապատճառը։
Կառավարության շենքի առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ առերևույթ բողոքող քաղաքացիները երևի չեն էլ գիտակցում, որ իրենք իրականում Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու դաշնակիցներն են, որովհետև հենց իրենց հոգեբանության շնորհիվ է նա կարողանում Հայաստանի հետ անել այն, ինչ «Ֆիրդուսի» տարածքի սեփականատերերն են անում՝ բողոք քաղաքացիների բնակմակերեսների դեպքում։
Նրանք բոլորը նիկոլփաշինյաններ են, որոնք այսօր պայքարում են առանձին վերցրած մեկ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հարություն Ավետիսյան